Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ճակատային շրջանում

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ ճակատային շրջանում։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում ականատես վկաներ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։

Նախաքննությունը շարունակվում է: