Կատալոնիայի ժողովուրդը չի համաձայնի ուղղակի կառավարում մտցնելու՝ Մադրիդի մտադրության հետ, այս մասին հայտարարել է Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար, անջատական շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը: Նա շրջանային խորհրդարանին կոչ է արել արտահերթ նիստ գումարել՝ Մադրիդի պատասխանը ձևակերպելու համար:
Շրջանային կառավարությունը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայի կառավարության որոշումը Պուչդեմոնի խոսքերով «Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումն է կատալոնական ինստիտուտների և Կատալոնիայի ժողովրդի դեմ»:
Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելն էլ պաշտոնական Մադրիդից նախօրեին հնչած հայտարարությունը գնահատել է որպես «պետական հեղաշրջման փորձ»: Ինքնավար շրջանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել իր և 135 պատգամավորների լիազորությունները:
Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը հայտարարել է, թե Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում: Վերջինս ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում:
Բարսելոնայի և Մադրիդի հարաբերությունները օր-օրի սրվում են հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվեի ֆոնին, որի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Մադրիդը քվեարկությունը ապօրինի է հայտարարել: