Այսօր լրանում է ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ, հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի 20-օրա ազատազրկման ժամկետը. ընդդիմադիր գործիչը կալանավորվել էր նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:
Նավալնիի խոսնակը հայտարարել է, որ ակտիվիստը այսօր ավելի ուշ ելույթ կունենա Աստրախան քաղաքում անցկացվելիք չարտոնված հանրահավաքում:
41-ամյա Նավալնին անցյալ տարի հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2018-ի մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններում: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մինչդեռ, հայտարարել է, որ Նավալնին չի կարող թեկնածությունն առաջադրել քանի որ դատապարտված է պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես»-ի գործով։