Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն հաղթանակ է տանում Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում. Էքզիթ փոլ

Վրաստանում անցկացված էքզիթ փոլի տվյալներով «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Կախա Կալաձեն հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծ առավելություն է ստացել մրցակիցների նկատմամբ:

Ընտրութունների պաշտոնական արդյունքները հոկտեմբերի 22-ին` վաղ առավոտյան, դեռևս չեն հրապարակվել, բայց «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված էքզիթ փոլի համաձայն Կալաձեի օգտին քվեարկել է ընտրողների 53 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում»-ից առաջադրված Զաալ Ուդումաշվիլին երկրորդ տեղում է:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից ավելի վաղ պատվիրված հասարակական կարծիքի հարցումը նույնատիպ արդյունքներ էր արձանագրել:

Նախօրեին անցկացված ընտրությունները կարևոր փորձություն են համարվում «Վրացական երազանք» կուսակցության համար` հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Ընտրություններ են անցկացվում երկրի 58 քաղաքային և շրջանային տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Փոթիում և Ռուսթավիում: