«Չպետք է շահարկենք կորուստները, որովհետև այլընտրանքը պետության կորուստն է»․ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Ղարաբաղյան իշխանությունները վստահ են՝ չնայած նախագահների մակարդակով կայացած համաձայնություններն Ադրբեջանը չի պահպանում ու շարունակում է սադրանքներ իրականացնել սահմանին, այդուհանդերձ պետք է շարունակել հարաբերական կայունության պահպանմանը միտված բանակցությունները: Այլընտրանքը լայնածավալ պատերազմն է, կարծում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Խաղաղության և կայունության հարաբերական ձևով պահպանումը դարձել է հրամայական, և այս ուղղությամբ արվում են քայլեր: ճիշտ է՝ դժբախտաբար ունենք կուրստներ, բայց չպետք է շահարկենք այդ կորուստները, որովհետև այլընտրանքը ցեղասպանությունն է և պետության կորուստը, լայնածավալ պատերազմը: Ի՞նչ անենք՝ գնանք պատերազմի և հազարավոր զոհե՞ր տանք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահի հետ ժնևում ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ կա պայմանավորվածություն՝ առաջնագծում զոհերից խուսափելուն ուղղված քայլեր կատարելու շուրջ: «Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- ասել էր Սարգսյանը: Նրա այս հայտարարությունից ընդամենը երեք օր անց Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կրակոցից սպանվեց ԼՂ պաշտպանության բանակի զինվոր Տիգրան Խաչատրյանը: Իսկ երեկ էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ չնայած հայ զինծառայողի սպանությանը, հայկական կողմը շարունակում է խաղաղ կարգավորման կողմնակիցը լինել:

«Ցավոք Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել: Միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել էր Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարի այդ հայտարարությունն անհամարժեքորեն մեղմ էր՝ հաշվի առնելով, որ Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանն անմիջապես հաջորդեց հայ զինվորի սպանությունը, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Տարօրինակ է, որ այդ առումով հայկական կողմը համանախագահների ուշադրությունը չի հրավիրում այդ հանգամանքի վրա, կոչ չի անում՝ գնահատական տալ, վերաբերմունք արտահայտել: Ես կարծում եմ, որ առավել տարակուսելի է հենց այս հանգամանքը, այլ ոչ թե այն, որ հայկական կողմը հայտարարում է խաղաղ միջոցներին հավատարիմ լինելու մասին»,- նկատում է Հակոբ Բադալյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած հայտարարություններում խոսք չկար նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ հայկական կողմը չի հրաժարվել սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման և մյուս պայմանավորվածություններից: «Դա չի նշանակում, որ ամեն անգամ պիտի ասենք, որ սրա մասին ենք խոսելու, այդ հարցերն ընդհանրապես դուրս չեն եկել քաղաքական օրակարգից և մնալու են այդ օրակարգում շատ երկար»,- ընդգծում է Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն էլ վստահություն է հայտնում, որ խաղաղության հարցում իրական արդյունք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի հետ բանակցողը Երևանն է, և ոչ թե պաշտոնական Ստեփանակերտը: «Արցախյան հարցում առաջընթաց եղել է միայն այն դեպքում, երբ իրար հետ անմիջականորեն բանակցել են Ստեփանակերտն ու Բաքուն»,- նշում է Խանումյանը:

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմից հետո մինչ օրս շփման գծում ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց, հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից, փոխանցում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը: