«Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար Հայաստանը չի գնում իրանական գազը», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց նախարարը․ - «Եթե ցածր գնի առաջարկ կլինի, մենք անպայման կգնենք․․․ Քննարկումները [այդ հարցի շուրջ] մշտապես ընթացել են և ընթանում են»:
Աշոտ Մանուկյանը այսօր նաև պնդեց, թե նաև ռուսական գազի ջերմատվությունն ավելի բարձր է քան իրանական գազինը։
Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է 1000 խորանարդ մետրը 150 դոլարով: Սոցիալապես անապահով ընտանիքների համար մինչև 600 խորանարդ մետր գազ սպառելու դեպքում 1 խորանարդ մետրի գինը 100 դրամ է, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար՝ 139 դրամ: 10 հազար խմ և ավելի սպառողների համար գազն արժե 115.5 դրամ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հոկտեմբերի սկզբին Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է նաև իրանական գազ գնելու հարցը: Տեղեկությունը փոխանցել էր Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային: Իրանցի պաշտոնյայի ձեւակերպմամբ՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում:
Հայաստանին գազ վաճառելու պատրաստակամության մասին բազմիցս բարձրաձայնել են նաև իրանցի պաշտոնյաները։
Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Ռուսաստանից գնում է, և այն սպառում են բնակիչներն ու ձեռնարկությունները, մինչդեռ իրանական գազից էլեկտրաէներգիա է ստացվում, որի մի մասը փոխանցվում է Իրանին՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակներում։
«Իրանի Նավթի և գազի նախարար պարոն Զանգանային հետ վարչապետի առանձնազրույցի ընթացքում հարց է բարցրացել՝ եթե դուք կկարողանաք մեզ տրամադրել գազ ավելի ցածր գնով, մենք պատրաստ եք ուղղակիորեն գնել ձեզանից գազը՝ այս գործարքից մասամբ հրաժարվելով: Եթե մենք ստանում ենք գործարքով գազ, և եթե համեմատում ենք էլեկտրաէներգիայի դիմաց տվածին, այդ գազը որոշակի արժեք մեզ համար, այնուամենայնիվ, ներկայացնում է, չէ՞, հաշվարկային արժեք ունի: Այդ հաշվարկային արժեքից ավելի ցածր արժեք պիտի տան մեզ, որ կարողանանք ուղղակի գնել, հակառակ դեպքում իմաստ չունի»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ Ռուսաստանը էներգիայի գնային փոփոխությունները որպես մահակ կիրառում է ավելի թույլ զարգացած տնտեսությունների նկատմամբ: Ուստի ռուսական գազին այլընտրանք փնտրելը, ըստ նրա, էներգետիկ անվտանգության տեսակետից անհրաժեշտություն է․ - «Պետք է, որ մշտապես այլընտրանքների փնտրտուք լինի, և մշտապես բանակցություններ լինեն, և մշտապես առնվազն մենք ենթակառուցվածքներով պատրաստ լինենք այդ գործարկելու և այս այլընտրանքը փնտրելու: Եթե մենք ուսումնասիրենք, օրինակ, հուլիս ամսին նույն ռուսական ներքին շուկայում տեղի է ունեցել գազի գների որոշակի աճ: Եթե դուք տեսնում եք, Հայաստան էս պարագայում որևէ նման կարգի անդրադարձ․․․ չի զգացել: Բայց չի բացառվում, որ ինչ-որ մի պահի հենց էս նույն հասարակ հիմնավորումներով, որ՝ մեր մոտ գները թանկացել են և այլն, և այլն, այս վտանգը մեր դռները թակի: Մենք պետք է առնվազն պատրաստված լինենք»:
Նախարար Մանուկյանը, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հարցին, ասաց՝ պետք է կառուցվի։
Մեծամորի ատոմակայանը ներկայումս վերանորոգվում է: Նախատեսված է, որ այն կաշխատի մինչև 2027 թվականը:
«Բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատտ հզորությամբ և ինչ տեխնոլոգիայով մենք այն կկառուցենք: Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում՝ երկու պատճառով: Պատճառ համար մեկ․ առաջիկա երկու տարիներին մենք կունենանք վերջնական պատասխան՝ գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԵ-ի մեր գործընկերների, փորձագետների կողմից հաստատված, թե ևս որքան ժամանակ մենք կարող ենք շահագործել գործող կայանը: Եվ երկրորդ, երկու տարվա ընթացքում մենք կունենանք փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում՝ վերջնականորեն, գիտականորեն հաստատված, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»: