Եվրոպական միությունը չի կարող խառնվել Կատալոնիայի հետ ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսին:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը տեղ չունի որպես միջնորդ հանդես գալու Մադրիդի և Բարսելոնայի միջև:
Հինգշաբթի օրը Իսպանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կասեցնել Կատալոնիայի ինքնավարությունը և Սահմանադրության 155-րդ հոդվածի հիման վրա ուղղակի կառավարում մտցնել շրջանում:
1978 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը` երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել:
Երեկ լրացել է Մադրիդի սահմանած վերջնաժամկետը՝ բացատրելու համար ընդունված «առկախված անկախության» մասին որոշման էությունը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Մադրիդը քվեարկությունը ապօրինի է հայտարարել: