Չորս երեխաներին միայնակ մեծացնող Համեստ Հախումյանը վերջերս զրկվել է ընտանիքի միակ եկամուտից՝ 37,000 դրամ նպաստից: Պատճառն այն է, որ Գեղարքունիքի Ցամաքաբերդ գյուղում գտնվող տանը, որը ավերակ է հիշեցնում, Համեստից ու նրա 4 երեխաներից բացի, գրանցված են նաև վերջինիս ծնողներն ու երկու եղբայրները:
Ենթադրվում է, որ 4 չափահասները կարող են աշխատել և ֆինանսապես օգնել ընտանիքին:
Պետությունը կվերականգնի 37-ամյա կնոջ նպաստը, եթե նա կարողանա գտնել մի տուն, որտեղ հաշվառված կլինի միայն իր ընտանիքը: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ու ամեն օր գլխին ծածկ փնտրող Համեստը նեղսրտում է՝ եթե կարողանար տան հարցը լուծել՝ նպաստի կարիք չէր ունենա:
«Ասում են՝ կա՛մ գրանցումից իրենք դուրս գան, կամ էլ թուղթ ուղարկեն Ռուսաստանից, որ իրենք այնտեղ գրանցված են, նոր «Փարոսը» կկարգավորվի», - պատմում է նա: - «Բայց իրենք էլ այնտեղ անասուն են պահում․․․ մի լավ օրի չեն, այդ թուղթն էլ գումար արժե, իրենք չեն կարողանում դա ուղարկել»:
Կառավարության ներդրած այս նոր հաշվարկման մեխանիզմը, Համեստի կարծիքով, մահակ էր աղքատ ընտանիքների գլխին, ասում է՝ եղած օգնությունից էլ են զրկում: Սևանի տարածքային աջակցության գործակալության վարչության պետ Արտակ Վարդանյանը չի ընդունում օրվա հացի համար կռիվ տվող Համեստի այսօրինակ պնդումները: Ասում է՝ գիտի, որ վերջինս ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, փորձում է խորհրդատվությամբ օգնել նրան:
«Տան բացակա անդամները կարող են դառնալ հարգելի՝ այսինքն չազդել ընտանիքի կարիքավորության միավորի վրա, եթե Հայաստանի Հանրապետությունից դուրս են գտնվում», - պարզաբանում է Վարդանյանը: - «Մենք բազմիցս ասել ենք, ինքն ասել է, որ՝ չեն էլ կարող այդ տեղեկանքն ուղարկել: Հիմա այդ պատճառով նաև նրանց հարգելի բացակա չենք կարողանում նշանակել»:
Համեստը չորս երեխաների հետ գրանցված է հայրական տանը․ այն անավարտ շինություն է՝ բետոնածածկ միջնապատերով ու հատակով և կոտրված ապակիներով: Մեր այցելության պահին այս շինության ներսում ջերմաստիճանն ավելի ցածր էր, քան դրսում:
Հուսահատ կինը պատմեց՝ 4 երեխաների հետ տևական ժամանակ ապրել է այդ անավարտ շինությունում, հետո, երբ ցրտից մեկը մյուսի հետևից երեխաները ծանր հիվանդացել են, սկսել է վարձով ապրել Սևանի հանրակացարաններից մեկում: Ասաց՝ երբ նպաստից զրկեցին, չկարողացա վարձը վճարել ու հայտնվեցի դրսում: Հիմա երեք երեխաների հետ բնակվում է ընկերուհու տանը, ավագ որդին էլ առաջնագծում է ծառայում: Որպեսզի երեխաները սոված չքնեն՝ դաշտերում կարտոֆիլ է հավաքում, աղբամաններում վառելիք փնտրում, հավաքարար ու ափսե լվացող աշխատում: Նեղսրտեց՝ վաստակած գումարը չի հերիքում, որ 6-ամյա տղային դպրոց ուղարկի, ուսումը կիսատ է թողել նաև 14-ամյա դուստրը: Դպրոց է հաճախում միայն 3-րդ երեխան, ում համար պարտքով գնած կոշիկի ու հագուստի գումարը դեռ չի էլ վճարել:
«Տետրի փող են ուզում, գրքի փող են ուզում, ամեն ինչի փող են ուզում․․․ ես էլ չեմ կարողանում տամ, հազիվ կարողանում եմ մի կտոր հացի փող հայթայթել, իմ երեխեքին պահել», - պատմեց Համեստը:
Չնայած այս ընտանիքի սոցիալական պայմանները գնալով վատանում են, այդուհանդերձ փոփոխված օրենքով՝ նրա կարիքավորության ցուցանիշը փոխվել է, ինչի պատճառով էլ նպաստից զրկվել է:
«Ընտանիքի չափահաս անդամները որ կային՝ բացակա անդամները, այն ժամանակ կարիքավորության միավորի վրա ավելի քիչ ազդեցություն ուներ, բայց հիմա կարիքավորության միավորի հաշվարկի ժամանակ այդ բացակա անդամների միավորի հաշվարկը ավելի է փոքրացել և այդ պատճառով իրենց 30․13-ը դարձել է 29.69», - պարզաբանեց Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Արտակ Վարդանյանը:
Մեր նկարահանման օրը Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Արտակ Վարդանյանը Համեստին հրավիրել էր խնդրի լուծումը միասին գտնելու: Վարդանայնն ասաց՝ Համեստ Հախումյանին 4 տարբերակ է առաջարկել. նախ գտնել երեխաների հորը, որպեսզի նա հայրություն ճանաչի, համոզել Ռուսաստանում բնակվող ծնողներին տեղականք ուղարկել, որ այնտեղ որևէ հասցեում հաշվառված են, գտնել մի բնակարան ու փորձել այնտեղ փաստացի հաշվառվել, կամ համոզել մորը, որ գա ու որպես թոշակառու հաշվառվի գրանցման հասցեում:
Բազմազավակ երեխաների մայրը պնդում է՝ առաջարկած բոլոր տարբերակներն իրեն տանում են փակուղի, որովհետև որևէ մեկը չի կարող լուծել: Հրաժարվեց նաև Վարդանյանի առաջարկած հրատապ օգնությունից, որովհետև ճշտել է՝ այդ 18 հազարական դրամները կստանա առավելագույնը 2 եռամսյակ ու հետո առհասարակ կզրկվի անգամ նպաստը վերականգնելու հնարավորությունից: Քննարկման ավարտին Համեստը լքեց Վարդանյանի աշխատասենյակն ու պնդեց՝ Կառավարությունն օրենքներ փոխելիս աղքատ ընտանիքներին օգնելու փոխարեն վնասում է:
«Ամեն անգամ ըսենց խաբելով դուռը դնում են ու լացակումած աչքերով ուղարկում են, ու չեն մտածում, որ էդ մարդու էրեխեն սովածա․․․ երեկ ամբողջ օրը իմ երեխեն սոված՝ քնելա», - պատմեց հուսահատ կինը: