ՌԴ-ում շատերը համոզված են՝ Քսենիա Սոբչակի առաջադրման որոշումը «Կրեմլի նախագիծն է»

Ռեալիթի շոուի աստղ Քսենիա Սոբչակը ելույթ է ունենում մոսկովյան համերգներից մեկի ժամանակ, արխիվ

Ռուս լրագրող, ռեալիթի շոուի աստղ Քսենիա Սոբչակը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն է, երեկ հայտարարել է ՌԴ նախագահի՝ 2018 թ․ մարտին կայանալիք ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին:

«Ես Քսենիա Սոբչակն եմ, 36 տարեկան։ Ինչպես Ռուսաստանի ցանկացած քաղաքացի, ես ևս նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ և որոշել եմ օգտվել այդ իրավունքից, թեկուզ միայն այն բանի համար, որ դեմ եմ բոլոր նրանց, ովքեր սովորաբար մասնակցում են ընտրութուններին։ Ընտրելով ինձ, դուք ընտրում եք «բոլորին դեմը»»,- հայտարարել է Սոբչակը:

Նշենք, որ Ռուսաստանի գործող Ըտրական օրենսգրքից «բոլորին դեմ» ընտրանքը հանված է: Քսենյա Սոբչակը ընդդիմադիր հայացքներ ունեցող ՌԴ բոլոր քաղաքացիներին հորդորել է համախմբվել իր անձի շուրջ: «Քանի որ բոլոր այդ ավանդական թեկնածուներից մենք հոգնել ենք»,- նշել է Սոբչակը, որի այս հայտարարություններն անմիջապես առջնային տեղեր են զբաղեցրել ռուսաստանյան հեռուստաեթերում:

ՌԴ ազատական շրջանակներին մոտ կանգնած քաղաքագետների գնահատմամբ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Սոբչակի որոշումը «Կրեմելի նախագիծն է»: «Առաջին անգամն է, որ Կրմլը Պուտինի հիմնական մրցակցի դերում լիբերալի համբավ ունեցող կին թեկնածու է որոնում»,- դեռևս սեպտեմբերի 1-ին գրել էր «Վեդոմոստի» թերթը, որպես հավանական թեկնածու նշելով Քսենյա Սոբչակի անունը։ Վերջինս, մինչդեռ, շուրջ մեկուկես ամիս հայտարարում էր, թե նման բան չկա, որ որևէ պայմանավորվածություն իր և Պուտինի վարչակազմի միջև գոյություն չունի և որ ինքը «ինքնուրույն մարդ է»:

Անցած շաբաթ BBC-ն գրել էր, թե Քսենյա Սոբչակը հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ Երեկ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Սոբչակը հաստատել է այդ լուրը, հավելելով, որ Պուտինն իր հոր՝ Անատոլի Սոբչակի մասին վավերագրական ֆիլմի հերոսներից մեկն է, և ինքը պարզապես հարցազրույց է վերցրել Պուտինից: Ավելին՝ Սոբչակը հավելել է, թե ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը «Պուտինին դուր չի եկել»։

Ավելի վաղ Սոբչակի՝ նախագահ առաջդրվելու մտադրության մասին խիստ բացասական էր արտահատվել ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա պնդել է, որ Սոբչակին նման առաջարկ է արել Կրեմլը՝ իր կողմնակիցներից ձայներ խլելու համար։ Մինչդեռ՝ Սոբչակը երեկ «Դոժդ» հեռուստընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ եթե Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի Նավալնիին, որպես նախագահի թեկնածու, ինքը դուրս կգա ընտրական պայքարից: Քսենիա Սոբչակը նշել է նաև, թե ինքը «Նավալնու համախոհն է և ընկերը»։

Քաղաքագետ Կիրիլ Ռոգովի կարծիքով, «Քսենիան կարող է անսպասելի հաջողություն ունենալ», քանի որ «կարողանում է իր ելույթներում համոզիչ լինել»: Ռոգովը, սակայն, համոզված է, որ ընտրությունների վերջնական փուլին Սոբչակը չի հասնի: «Գրեթե համոզված եմ, որ Սոբչակի ազգանունը չի լինի ընտրություններում: Մինչ այդ նա կհայտարարի, որ չի մասնակցելու ընտրություններին, սրանք իրական ընտրություններ չեն, ընդամենը ռեալիտի շոհու է»,- ասել է քաղաքագետը:

Ընդդիմադիր գործիչ Իլյա Պոնոմարյովի կարծիքով էլ՝ Սոբչակը կարող է մինչև 5 տոկոսի քվեներ ստանալ: Քսենյա Սոբչակը մտադիր է հաջորդ շաբաթ հանդես գալ ասուլիսով և ներկայացնել իր առաջիկա ծրագրերը: