Երևանում խցանումները պահանջում են լուծումներ. վարչապետը հանձնարարականներ տվեց

Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում լինում են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարականներ տալով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին։

«Առաջարկում եմ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման՝ հսկողության խստացմամբ, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցեր, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ», - ասաց վարչապետը։