Վարչապետը հանձնարարականներ տվեց բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարականներ տալով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին։

«Երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։ Մենք՝ հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով, թե ինչքան է այնտեղ ստվերը, պետք բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով՝ լեգալիզացնենք այդ անտառների հատումները, այդ ֆինանսական միջոցները ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով, բոլոր անհրաժեշտ գործիքներով, որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ, հստակ և կոշտ», - ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նաև հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը։

«Ինչպես նաև տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերումը, վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա», - ասաց վարչապետը։