Իշխանությունների հայտարարած տնտեսական աճի ֆոնին կտրուկ անկում են ապրել հայաստանյան ընկերությունների վճարած շահութահարկերը, միևնույն ժամանակ, շեշտակի աճել է ժամկետանց վարկերի ծավալը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, թե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 5,9 տոկոսով: Ընդ որում, միայն արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 7,7 տոկոս, առևտրի և ծառայությունների ոլորտում աճն ավելի զգալի է՝ 8,1 տոկոս:
«Հենվելով այս ցուցանիշների վրա, մենք կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ամբողջովին արդարացված է, և այն տեսլականը, որ ունեինք ու ինչի մասին ձեզ հայտնեցինք մեկ տարի առաջ, այդ տեսլականն իրականացվել է և արդարացված է»,- այսօր հայտարարեց ոլորտի պատասխանատու պաշտոնյան:
Մինչդեռ, պաշտոնապես հայտարարված աճի ֆոնին, պարզվում է, հայաստանյան ընկերությունները կտրուկ նվազեցրել են իրենց շահութահարկերը: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, թեև այս տարվա առաջին ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,3 տոկոսով աճել է հարկերի ընդհանուր ծավալը, սակայն շահութահարկը նվազել է 14,5 տոկոսով:
Շահութահարկի ցուցանիշը բավական էական է դիտվում, քանի որ այն հստակորեն ցույց է տալիս, թե պաշտոնական տարաբնույթ թվերի ֆոնին որքան է կազմել հայաստանյան ընկերությունների շահույթը․ եթե տնտեսությունը բարվոք վիճակում է, ընկերությունների շահույթն աճում է, համապատասխանաբար, աճում է նաև շահութահարկը:
Նախարարին այսօր խնդրեցինք պարզաբանել՝ ինչպե՞ս կարող է տնտեսական աճի պայմաններում նման կտրում կերպով նվազել շահութահարկը: «Եթե կատարվում են ներդրումներ, ապա շահութահարկով, որպես ամորտիզացիոն մասհանումներ, ծախսային մասը մեծանում է, և հարկվող շահույթը դրանով պակասում է: Դա մենք պետք է վերլուծենք, որպեսզի կարողանանք պատասխանել, թե շահութահարկի որ տողերի, որ նվազեցումների հաշվին է շահութահարկը պակասել, ու նոր կարողանանք եզրակացություն անել:
Նույնը վերաբերում է ժամկետանց վարկային պարտավորություններին: Ճիշտ չի, որ դուք մի թիվ եք ասում: Եթե դուք վերցնեք, թե ինչքան են ավելացել վարկավորումները, ինչքան աճ է եղել, կարող եք զուգահեռ տանել: Ժամկետանց վարկային պարտավորությունները դրանք հին պարտավորություններն են, և պետք է վերլուծել դրանց պատճառները, որպեսզի մենք հասկանանք»,- պատասխանեց Կարայանը:
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 23,4 տոկոսով աճել է ժամկետանց վարկերի ծավալը՝ հասնելով 39,4 միլիարդ դրամի: Ընդ որում, ժամկետանց վարկերի ծավալն աճել է ոչ միայն բացարձակ արժեքով․ աճել է նաև դրանց չափաբաժինն վարկերի ընդհանուր կառուցվածքում: Եթե անցած տարվա դեկտեմբերին ժամկետանց վարկերը կազմել են ընդհանուրի 1,3 տոկոսը, ապա այս տարվա օգոտսոսին այդ ցուցանիշը 1,6 տոկոս էր:
Դարձյալ նույն հարցն է առաջանում՝ եթե տնտեսության գործերը լավ են, և 2009-ից ի վեր Հայաստանում միայն տնտեսական աճ է գրանցել, ինչու՞ պետք է ձեռնարկությունները, նաև անհատ քաղաքացիները չկարողանան մարել վարկերը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով շահութահարկի անկման վերաբերյալ նախարար Կարայանի մեկնաբանությանը, ասաց՝ օրենսդրության համաձայն, ներդրումներ կատարող ձեռնարկություններն ազատվում են շահութահարկի որոշակի չափից միայն հաջորդ տարվա ապրիլի 25-ից հետո, երբ ներկայացվում է շահութահարկի տարեկան հաշվետվությունը:
Բացի այդ, ըստ Մանուկյանի, անցած տարի ու այս տարի դեռ այնքան ներդրումներ չեն արվել, որ շահութահարկի նման կտրուկ անկում գրանցվեր: «Սա լուրջ կասկածներ է հարուցում: Պարբերաբար խոսվում է, որ ստվերը կրճատվել է: Հասկանալի է, որ ստվերում հիմնական շրջանառությունը խոշոր սուբյեկտներինն է, նրանք գերշահույթներ են ստանում և ինչ-ինչ մեխանիզմներով շրջանցում են շահութահարկի գաղափարը, ավելի քիչ շահույթ են ցույց տալիս: Երբ շահութահարկը 15 տոկոսով նվազում է, դա նշանակում է, որ նրանք այդ աճի ֆոնի վրա չեն մեծացրել իրենց հարկային հաշվետվողականությունը:
Միայն մի օրինակ բերեմ՝ անցած տարվա համեմատ պղնձի գները [միջազգային շուկայում] 40 տոկոսով աճել են, դրան գումարած՝ ավելացել է արդյունահանումը: Սա պետք է բերեր ոլորտի շահութաբերության աճի, ինչը տեղի չի ունեցել»,- ասաց տնտեսագետը: