Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան․ Մագնիտսկու օրենքը պետք է կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ռիչարդ Կոզլարիչ, արխիվ

«Թրամփի վարչակազմը պետք է օգտագործի Մագնիտսկու օրենքը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար», - American Interest պարբերականում գրել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:

Ամերիկացի դիվանագետը ծավալուն հոդվածում մանրամասն նկարագրել է վերջին շրջանում Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների, Ալիևի ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումները և կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Սմիթի և ՄըքԳովերնի օրինագիծն ու մեծ լսումներ կազմակերպել Ադրբեջանի հարցով:

1994-1997 թվականներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Կոզլարիչը, ով հաճախ է տարբեր ամբիոններից քննադատում ադրբեջանական իշխող ընտանիքին, ամերիկացի օրենսդիրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել, մասնավորապես, Ադրբեջանի ոստիկանների, դատավորների և քաղաքական առաջնորդների նկատամամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ամերիկյան Կոնգրեսի օրակարգում է, հեղինակել են հանրապետական Քրիսթոֆեր Սմիթը և Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնը: Բանաձևը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին: