Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի ճանաչեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոն

Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի ճանաչեց Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն, որի արդյունքներով՝ Կատալոնիայի գերակշռող մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին:

Դատավորների համոզմամբ, հանրաքվեն անցկացվել է կատալոնական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքի հիման վրա, որը հակասում է իսպանական Սահմանադրությանը և այդ պատճառով էլ չունի օրենքի ուժ։

Նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած վճռում նշվում է, որ հանրաքվեի մասին կատալոնական օրենքը խախտում է Իսպանիայի ազգային ինքնիշխանության և ազգային անխախտ միասնականության սկզբունքները։

Բացի այդ, դատարանը ապօրինի է ճանաչել նաև կատալոնական խորհրդարանի նիստը, որի ընթացքում ընդունվել է իսպանական Սահմանադրությանը հակասող այդ օրենքը։

Դատական այս գործընթացներին զուգահեռ, Իսպանիան սպասում է կատալոնական կառավարության ղեկավարի հստակ պատասխանին հարցին՝ արդյոք Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակե՞լ է, թե՞՝ ոչ:

Ավելի վաղ, Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի իշխանությունների համար վերջնաժամկետ էր սահմանել մինչև հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10-ը՝ բացատրելու համար տասն օր առաջ ընդունված «առկախված անկախության» մասին որոշման էությունը։ Հակառակ պարագայում Իսպանիայի կառավարությունը սպառնում է գործի դնել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը` Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելով:

Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնն, իր հերթին, Իսպանիայի վարչապետին նամակ էր հղել, որում առաջարկում էր երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։

Իսպանիայից անկախանալ ցանկացող երկրամասում, մինչ այդ, բողոքի ցույցերը չեն մարում։ Բարսելոնայում կրքերն է՛լ ավելի են բորբոքվել այն բանից հետո, երբ Մադրիդի դատարանը որոշում կայացրեց կալանավորել անջատական ազդեցիկ առաջնորդներին՝ Ջորդի Սանչեսին և Ջորդի Կույշարտին, ովքեր առանցքային դերակատարություն են ունեցել անկախության հանրաքվեի ժամանակ։

Իսպանական դատարանը նրանց մեղադրում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանությանը չենթարկվելու մեջ: