Էրեբունու դատարանը խորհրդակցական սենյակից մեկ շաբաթ անց վերադառնալով՝ այսօր մերժեց ընդդիմադիր գործչին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ «հիմնավոր չլինելու» պատճառաբանությամբ:
Անդրիաս Ղուկասյանն ու իր պաշտպանը հայտարարեցին, որ դատավոր անկողմնակալ չէ, ու այդ պատճառաբանությամբ վերջինիս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։
Ազատազրկված ընդդիմադիր գործիչը պնդեց, թե քաղաքական վերնախավը մեղադրանքը հաստատելու համար ճնշում է դատարանի վրա․ - «Սա ուղերձ Սերժ Սարգսյանին անձամբ, որպեսզի ինքը զերծ մնա այս դատական պրոցեսի վրա ճնշումներ գործադրելուց»:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը, հիշատակելով նախորդ դատական նիստերը, շեշտեց, թե դատավորը վիրավորել է իրեն, օրենքի խախտմամբ արգելել է իր պաշտպանյալին առաջինը ցուցմունք տալ․ - «Ինչո՞ւ է դատարանը պաշտպանին ասում, որ եթե ձեր համար հասկանալի չէ, ուրեմն խնդիրը ձեր մեջ է: Դատարանը ցանկանում է ասել, որ ընկալունակության խնդի՞ր ունեմ: Թե՞ նախագահողը գտնում է, որ դա հարգալից վերաբերմունք է»:
Մոտ 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորը մերժեց նաև այս միջնորդությունը՝ որոշման մեջ հատուկ ընդգծելով, որ ո՛չ Ղուկասյանի և ո՛չ էլ նրա պաշտպանի նկատմամբ բացասական տրամադրված չէ։
Որոշման հրապարակումից հետո դատավորը նպատակահարմար չհամարեց անցնել վկաների հարցաքննությանը: Հայտարարեց, թե առաջիկա օրերին դասընթացների է մասնակցելու ու նիստը 14 օրով հետաձգեց։
Անդրիաս Ղուկասյանը, հիշեցնենք, կալանավորվեց անցյալ տարվա հուլիսին՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության գունդը գրաված Սասնա ծռեր զինված խմբին միանալու մտադրության մեղադրանքներով։
Ընդդիմադիր գործիչը այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․ - «Մեղադրական եզրակացությունում չկա այնպիսի հանցանք կատարելու անմիջականորեն ուղղված հորդորության նկարագրություն, որը հիմք կտար համարել, որ այդպիսի ծանր, առանձնակի ծանր մեղադրանք տեղին է ներկայացնել նման պայմաններում: Սա ակնհայտ քաղաքական պատկեր է, որը որ մեղադրողը կատարում է, բոլորիս համար հասկանալի, իմ կարծիքով, պատճառներով»:
Հաջորդ նիստին նախատեսված է վկաների հարցաքննությունը:
Այսօր մեղադրող դատախազը միջնորդեց արգելել նիստերի տեսանկարահանումը այդ փուլում:
Դատավորը նշեց, որ հարցին կանդրադառնա հենց այդ նիստի օրը: