Էրդողանը Վարշավայում կրկին քննադատել է ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, Վարշավա, 17-ը հոկտեմբերի, 2017 թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Եվրամիությանը, կառույցին նաև կոչ անելով՝ արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը: Ժամանելով ԵՄ անդամ երկրների շարքում Անկարայի հանդեպ առավել բարյացակամ տրամադրված Լեհաստան՝ թուրք առաջնորդը պնդել է, թե Բրյուսելը չի կատարում Անկարայի առջև ստանձնած պարտավորությունները:

«Ես մշտապես ասել եմ՝ մեզ տեղյակ պահեք: Եթե մտադիր չեք, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, զուր մի վատնեք մեր ժամանակը»,- հայտարարել է Էրդողանը: Լեհաստանի առաջնորդն իր հերթին հույս է հայտնել, թե 2005-ից Անկարայի հետ սկսված բանակցություններն ի վերջո կավարտվեն ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությամբ:

Եվրոպական ընտանիքում, մինչդեռ, ոչ բոլորն են համակարծիք այս հարցում: Կառույցի առաջատար մի շարք պետություններ, այդ թվում՝ Գերմանիան և Ավստրիան, հայտարարում են, որ Էրդողանի «բռնապետական կառավարման օրոք» Թուրքիան չի կարող դռանալ Եվրամիության անդամ: Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի կառույցի առաջնորդների՝ այս շաբաթավերջին նախատեսված գագաթնաժողովի ընթացքում: