Կիևի դատարանը երկարաձգել է ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետը

Ուկրաինայի գերագույն դատարանի շենքը Կիևում, արխիվ

Կիևի դատարանը որոշել է ևս 18 օրով երկարաձգել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրատ Հուսեյնովի ազատազրկումը, ով ձերբակալվել էր անցած շաբաթավերջին՝ Ուկրաինայից Դյուսելդորֆ մեկնելու ճանապարհին:

Իրավապահ մարմինները պնդում են, թե Հուսեյնովը եղել է «Ինտերպոլի» կողմից հետախուզվողների ցուցակում, Ադրբեջանի իշխանությունները նրա դեմ մեղադրանքներ են ներկայացրել երկրի սահմաններն ապօրինի հատելու և խուլիգանության հոդվածներով:

Իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են, թե Հուսեյնովը հետապնդվում է իր լրագրողական գործունեության ու Ալիևների վարչակազմին քննադատելու համար:

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողն Ադրբեջանից հեռացել էր 10 տարի առաջ, երբ անհայտ անձինք նրան առևանգել ու դաժան ծեծի էին ենթարկել: Մեղավորները մինչ այժմ չեն հայտնաբերվել: Ըստ լրագրողի գործընկերների, Հուսեյնովը վերջին տարիներին Նիդերլանդների քաղաքացիություն էր ստացել, բնակվում էր այդ երկրում և համագործակցում ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» հեռուստաընկերության հետ: