Մալթայում սպանված լրագրողը ամիսներ առաջ բացահայտել էր Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքները

Մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիա

Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները: Այդ մասին երկուշաբթի` սպանությունից մոտ մեկուկես ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: Մալթայի թերևս ամենահայտնի հետաքննող լրագրողը սպանվել էր երեկ օրվա երկրորդ կեսին` մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով:

«Բոլորին է հայտնի, որ տիկին Կարուանա Գալիցիան խստորեն քննադատում էր ինձ` թե՛ անձնապես և թե՛ այն քաղաքականությունը, որը ես էի իրականացնում: Բայց միևնույն է` նման բարբարոսական գործողությունն անհնարին է որևէ կերպ արդարացնել: Ես չեմ հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Կարուանա Գալիցիայի սպանությունը չի բացահայտվել», - հայտարարում էր Մալթայի վարչապետը:

Դաֆնե Կարուանա Գալիցիայի անունը Մալթայի սահմաններից դուրս հայտնի դարձավ այս տարվա գարնանը, այն բանից հետո, երբ մալթացի լրագրողը մի շարք ֆինանսական փաստաթղթերի պատճեններ հրապարակեց: Դրանցից պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող՝ Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող՝ Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:

Բացի այդ, հետաքննող լրագրողը պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտ շաբաթական երկու անգամ 100-հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներ են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը:

Մալթացի ընդդիմադիրները ենթադրում են, որ վարչապետ Մուսկատն ու նրա շրջապատը ադրբեջանական իշխանություններից նման պատկառելի գումարներ էին ստանում՝ որպես երախտագիտություն 2014-ի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում կնքված պայմանագրերի դիմաց: Դրանց համաձայն, Մալթան պարտավորվում էր 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:

Գարնանը հրապարակված այս հետաքննությունը ստիպեց վարչապետ Ջոզեֆ Մուսկատին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց ընթացքում, չնայած հնչող քննադատությանը, իշխող Լեյբորիստական կուսակցությանը հաջողվեց մեծամասնություն ստանալ:

Ընդդիմադիր Ազգայնական կուսակցության առաջնորդներն այսօր արդեն կրկին քննադատում են Մուսկատին` պահանջելով նաև Կարուանա Գալիցիայի սպանության անկախ հետաքննություն անցկացնել:

«Այսօր Մալթայի քաղաքական կյանքում արձանագրված թերևս ամենամռայլ օրն է: Այս սպանությունը օրենքի գերակայության և օրինականության ասպարեզներում առկա կաթվածահար վիճակի ուղղակի հետևանքն է: Անհրաժեշտ է սպանության անկախ հետաքննություն իրականացնել, որում ներգրավված չեն լինի ոչ ոստիկանապետը, ոչ գլխավոր դատախազը և ոչ էլ զինված ուժերի հրամանատարը: Վերոհիշյալ գործիչները վերջին տարիներին Դաֆնե Կարուանա Գալիցիայի քննադատության թիրախ են հանդիսացել», - հայտարարում էր Ազգայնական կուսակցության ղեկավար Ադրիան Դելիան:

Երկուշաբթի ուշ երեկոյան Մալթայի ամենահայտնի հանգստավայրում` Սիլեմա քաղաքում շուրջ 3 հազար մարդ էր հավաքվել: Նրանք այդ տարերային ակցիայի միջոցով հարգանքի տուրք էին մատուցում սպանված լրագրողին:

«Սա իմ կյանքի թերևս ամենատխուր օրն է: Դաֆնեն պարզապես լրագրող չէր կամ համարձակ մի մարդ, նա Մալթայի ժողովրդավարության չորրորդ հենասյունն էր: Այն, ինչ կատարվեց այսօր, նախևառաջ հարված էր այդ հենարանին», - նշում էր հավաքվածներից մեկը:

Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը նաև լայն միջազգային արձագանք է գտել: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն, օրինակ, Twitter-ի իր էջում գրել է․ - «20 հազար եվրոյի վարձատրություն եմ խոստանում այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի ձերբակալել Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հեղինակներին»: