Սարի թաղի գործից անջատված մասով ընթացող դատավարության այսօրվա նիստին վկա Տիգրան Գրիգորյանը, պատասխանելով մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանի հարցերին, պնդեց՝ չի տեսել, որ անցյալ տարվա հուլիսին բողոքի ցույցի դուրս եկած մարդիկ քարեր նետեն ոստիկանների ուղղությամբ կամ հարձակվեն նրանց վրա:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր անցած տարվա հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո կալանավորված 10 անձանցից 3-ի՝ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանքի հաստատման դեպքում վերջիններիս սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում: Գործը բաժանված է մի քանի մասի: Այսօր առանձնացված մասով դատավարության շրջանակում առաջին վկան էր ցուցմունք տալիս:
Վկա Տիգրան Գրիգորյանը Սարի թաղի բնակիչ է, ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, դեպքի վայրում էլ նրանց չի տեսել: Հիշելով հուլիսի 19-ի դեպքերի մանրամասները, պատմեց՝ դուրս է եկել խանութ, տեսել է խմբված մարդականց, ովքեր հետաքրքրվում էին ոստիականներից, թե ե՞րբ է բացվելու փակ ճանապարհը, ե՞րբ է լինելու գազ, ջուր: Ինքը ևս մոտեցել է ոստիկաններից մեկին ու դժգոհել, որ տևական ժամանակ է զրկված են գազից ու տրասնպորտից:
Նկատենք՝ ամբաստանյալները ևս պնդում են, որ մեկ տարի առաջ հուլիսին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին իրենք փողոց էին դուրս եկել, քանի որ երկար ժամանակ զրկված են եղել էլեկտրականությունից, գազից, ջրամատակարարումից, կապից և տրանսպորտից: Ամբաստանյալների ազգականներնն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցներում պնդել են, որ Սարի թաղի բողոքը սոցիալական բնույթի է եղել, սակայն փորձ է արվում դրան քաղաքական ենթատեքստ հաղորդել:
Նկատենք նաև, որ որևէ ոստիկանի Սարի թաղի գործով մեղադրանք չի առաջադրվել, չնայած նրանց կողմից բռնությունների մասին՝ բնակիչների ահազանգերին: Ամբաստանյալների փաստաբաններն այսօր վկայից փորձում էին նաև պարզել՝ արդյո՞ք քաղաքացիական հագուստով զինված ոստիկաններ ևս եղել են դեպքի վայրում: Վկան ասաց, թե չի նկատել:
Գործից անջատված այս մասով անցնում է 25 վկա, սակայն նրանցից 24-ն այսօր բացակայում էին: Դատարանը որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել նրանց մի մասին: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին: