Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը՝ բանակցությունները սկսելուց առաջ, Ժնև, 16-ը հոկտեմբերի, 2017թ․

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Փորձագետները փաստում են՝ որևէ խոսք չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին:

Այսօր Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը: Շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցություններից հետո, հանդիպելով շվեյցարահայ համայնքին, Հայաստանի նախագահը պնդել է՝ Ալիևը ևս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չարձանագրվեն:

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կեսօրից Ժնևում սկսված բանակցությունները նախ մեկնարկեցին ընդլայնված կազմով՝ համանախագահների ու երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, հետո արդեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպումը շարունակեցին դեմ առ դեմ ձևաչափով: Ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռ մանրամասներ չի հաղորդում, Հայաստանի նախագահը, սակայն, վերստին հայտարարել է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից դուրս:

«Մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», - ըստ նախագահական նստավայրի, այսօր շվեյցարահայերի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Փորձագետները փաստում են՝ բանակցություններից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում ու նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում որևէ բառ չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին:

«Ալիևը ևս մեկ անգամ հուշում է, որ իր համար ոչ մի պայմանավորվածություն չի կարող լինել, ինքն ազատ է ցանկացած ժամանակ խախտել և՛ պայմանավորվածությունները, և՛ սահմանային «հարաբերական խաղաղությունը», - ասում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ հավելելով․ - «Կարծես թե կողմերը զրոյից են նորից սկսում ինչ որ հարցերի շուրջ պայմանավորվելը, և էս առումով ցույց է տալիս, որ ո՛չ հակամարտող կողմերը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը որևիցե հնարավորություն չունեն գոնե մինիմալ պայմանավորվածությունները պահեն: Եթե իրենք չեն կարողանում նույնիսկ փոքր պայմանավորվածությունները պահել, ապա հարցականի տակ է դրվում ավելի նաև ավելի լայն խաղաղություն կառուցելու իրենց հնարավորությունները»:

Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Ավելին, ամիսներ շարունակ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:

«Որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը, անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ կանեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդը, մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում, անիմաստ են բանակցությունները: Մենք բանակցություններ սկսենք էնտեղ, զինվորականները էստեղ՝ պատերազմ», - ապրիլյան պատերազմից օրեր անց Bloomberg-ի հետ զրույցում ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր նախկին պայմանավորվածությունների մասին միայն պաշտոնական Ստեփանակերտն է հայտարարել: Դրանց իրագործումը համարելով բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկը՝ Ղարաբաղի արտգործնախարարությունը պնդել է․ - «Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռք բերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»։