Արձանագրելով, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հայտարարության հեղինակները նշում են նաև, թե նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ «բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար»:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում ունեցան Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցում էին այդ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հովանու ներքո: Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, և լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:
Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել՝ շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցված լուծմանը հասնելու համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կունենան արտգործնախարարների հետ»,- ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, նշված է համատեղ հայտարարության մեջ: