Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության զարգացմանը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց իշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով անցած շաբաթ հրապարակված փաստաթղթին:
Նշենք, որ Եվրամիությունն ուրբաթ օրը հրապարակեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Ավելի քան 300 էջից բաղկացած փաստաթուղթը ներառում է Հայաստանի ու Եվրամիության միջև և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործընկերությունը վերաբերող դրույթներ։
Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց ՀՀԿ խոսնակը, իր ունեցած տեղեկություններով, այս պահին կողմերը իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգեր, այդ թվում՝ փաստաթղթի պաշտոնական թարգմանություն, որից հետո արդեն կողմերը կնախապատրաստվեն ստորագրմանը:
«Ազատություն». - Այս փաստաթղթով, գոնե մեկ քայլով, մենք առաջ կգնա՞նք ժողովրդավարության տեսանկյունից։
Շարմազանով. - Ես չեմ կարող ասել մեկ քայլ, երկու քայլ, թե տասը քայլ, բայց այն, որ այս փաստաթուղթը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության արժեքների զարգացմանը, սա հստակ է, հակառակ դեպքում մենք չէինք նախաստորագրի՝ մենք ինքնանպատակ փաստաթղթեր չենք նախաստորագրում, կասեմ նաև նույնը եվրոպական կողմը։
«Ազատություն». - Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը` փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, նաև ժողովրդավարության առումով, իրականություն դարձնել։
Շարմազանով. - Ասում եմ՝ վերջին խորհրդարանական ընտրություններին՝ և՛ եվրոպացի դիտորդների, և՛ մասնագիտական կառույցների գնահատականները եկան ապացուցելու, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն կամք ունեն, այլ այդ կամքը ոչ թե խոսք է, այդ կամքը գործ է, և մենք կարողացանք, ինչպես որ նախկինում ասել էինք, մեր եվրոպացի գործընկերների նաև օժանդակությամբ կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական պառլամենտական ընտրությունը։
Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը կարևորում է նոյեմբերին ստորագրվելիք Եվրամիություն- Հայաստան համաձայնագիրը:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ փաստաթուղթը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես այն բանից հետո, երբ 2013-ին իշխանությունները հրաժարվեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից և Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացվեց:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ, ստորագրելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, «ցույց կտանք, որ Եվրամիության դուռը մեզ համար փակ չէ»:
Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ, 1996 թվականից հետո Հայաստան-Եվրամիություն իրավական բազան չի թարմացվել, և ստորագրվելիք նոր փաստաթղթով Հայաստանը հնարավորություն է ունենում համագործակցության նոր փաստաթուղթ ունենալ Եվրամիության հետ։
Մարուքյան. - Մենք շատ ենք կարևորում ստորագրումը, և, ըստ էության, այս պահին որևէ խոչընդոտ չենք տեսնում դա ստորագրելու համար։
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, իսկ այն, որ փաստաթուղթը հրապարակվեց, թեև նախապես նշվում էր, որ այն պետք է գաղտնի պահվի, այստեղ ինչ-որ մեսիջ կա՞, ի՞նչ եք կարծում։
Մարուքյան. - Եթե հիշում եք՝ մենք շատ ծանր կերպով քննադատել ենք Եվրամիությանը և նաև Հայաստանի իշխանություններին այն բանի համար, որ Ասոցացման համաձայնագիրը չէր հրապարակվել, և դա շատ լուրջ քննարկվել էր Բրյուսելում, ես ինքս մասնակցել եմ այն քննարկմանը, երբ որ սուր քննադատության ենթարկեցինք, նաև ընդդիմադիր ուժերի կողմից, որ Հայաստանի հասարակությունն այդպես էլ անհաղորդ էր մնացել, թե ինչ էր ակնկալվում ստորագրել, ինչ էր սպասվում մեզ, որը որ մենք չստացանք։ Հիմա որևէ բան հանրությունից գաղտնի չի մնում այս գործընթացում։
Փաստաթղթի ստորագրումից մեկ ամիս առաջ իշխող ուժի խոսնակը շեշտում է` Հայաստանն իր քաղաքական դիրքորոշումն ամենաբարձր` նախագահի մակարդակով և այն էլ ՄԱԿ-ի ամբիոնից հստակ հայտարարել է, որ «պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը»:
Ի դեպ, Շարմազանովը շեշտում է, որ 2013-ին էլ Հայաստանը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և Հայաստանը չէ, որ հրաժարվեց այդ փաստաթղթից։
«Հայաստանը չի հրաժարվել այն ժամանակ Ասոցացման համաձայնագրից։ Փաստերը հետևյալն են՝ Մոսկվայում հանրապետության նախագահն ամենաբարձր մակարդակով հենց Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Մաքսային միությանն անդամակցումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ»։ Դրանից անմիջապես հետո Վիգեն Սարգսյանն, այն ժամանակ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, ուղիղ նշեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը, բայց մեր եվրոպացի գործընկերները դա նպատակահարմար չգտան, չնայած այն հանգամանքին, որ եղավ պետություն, որի հետ ազատ առևտուրը չստորագրվեց այն ժամանակ, բայց ստորագրվեց միայն քաղաքական մասը։ Այսինքն՝ Հայաստանն իր քաղաքական գնահատականներում հստակ է եղել, մենք այն ժամանակ չենք հրաժարվել մեր բանակցած փաստաթղթից», - ասաց Շարմազանովը։
Նշենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում անդրադարձ կա նաև Ղարաբաղյան խնդրին։ Մասնավորապես՝ փաստաթղթում նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում ղարաբաղյան խնդրի՝հնարավորինս շուտ կարգավորմանը հասնելու անհրաժեշտության մասին։
Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները կարևորում են այս հանգամանքը: Իշխող Հանրապետականի խոսնակը շեշտում է՝ այս փաստաթղթով ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ և՛ս սա շատ կարևոր շեշտադրում է, քանի որ հայկական կողմը թե՛ Եվրախորհրդարանի գործընկերներին, թե՛ նաև այլ կառույցներին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպային խորհրդարանական վեհաժողովին մշտապես ասում է՝ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է լիազորված զբաղվել ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, այն սկզբունքների շրջանակներում, որոնք հրապարակվել են:
«Եվ դա, ըստ էության, հետագայում տեղ չի թողնում Ադրբեջանի լոբբիստներին այնտեղ որևէ բան լոբբինգ անելու, առ այն, որ, օրինակ, Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ լինի ԼՂ խնդրի կարգավորման գործում, որովհետև նմանատիպ փորձեր շատ են արվում՝ փորձ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերել կոնֆլիկտի քննարկումը, և սա ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրամիության մոտեցումը, որ Եվրամիությունը ճանաչում է լեգիտիմ մարմին ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր կողմից որդեգրված սկզբունքների շրջանակներում խնդիրը կարգավորելու հարցով», - ասաց Մարուքյանը։