ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում այսօր կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ:
Բանակցությունների ավարտից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որը, ինչպես կարելի է ենթադրել Twitter-ում Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի գրառումներից, տևել է մոտ 45 րոպե: