Ոստիկանությունը հաղորդում է, որ «Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղի վրա մեկ շաբաթ առաջ կատարված հարձակումը բացահայտվել է, չորս մարդ ձերբակալվել է, մեկը որոնվում է:
«Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983թ. ծնված Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 1988թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է», - ասված է հաղորդագրությունում:
Ապա Ոստիկանությունը մանրամասնում է․ - «Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն: Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից: Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց»:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: