Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, ձայնը խզված է, և խնդրելով հետաձգել նիստը։ Սպասվում էր, որ նա այսօր ցուցմունք պետք է տար։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է այս տարվա մարտի 22-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։
Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: