Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթում է իշխող կուսակցության թեկնածուն

Սոորոնբայ Ժեենբեկովը քվեարկում է, 15-ը հոկտեմբերի, 2017թ․

Մոտ երկու ժամ առաջ Ղրղըզստանում փակվեցին ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սոորոնբայ Ժեենբեկովը ստանալով ընտրողների ձայների 50 տոկոսը, հաղթում է նախագահի պաշտոնի համար պայքարում: ԿԸՀ տվյալներով, երկրորդը գործարար Օմուրբեկ Բաբանովն է:

Առաջին 7 ժամերի տվյալներով, ընտրություններին արդեն իսկ մասնակցել էր ընտրողների 40 տոկոսը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 11 թեկնածու: Առաջատար բոլոր երեք թեկնածուները վերջին 6 տարիներին զբաղեցրել էին վարչապետի պաշտոնը, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևի քաղաքականության շարունակողը լինել:

Մայրաքաղաք Բիշկեկում քվեարկելուց հետո Ժեենբեկովն այսօր հայտարարեց, թե «իր ձայնը տվել է հանուն կայունության»՝ ընդգծելով, որ շարունակելու է նախագահի գործը: