Ղրղըզստանում նախագահական ընտրություններ են

Ղրղըզստանում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել է 11 թեկնածու, որոնցից մեկը կին է: Գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա ղեկավարում է երկիրը 2011 թվականից:

Առաջին հինգ ժամվա ընթացքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 24 տոկոսը:

Առաջատար երեք թեկնածուները՝ Օմուրբեկ Բաբանովը, Թեմիր Սարիևը և Սոորոնբայ Ժեենբեկովը Ատամբաևի նախագահության ընթացքում զբաղեցրել են վարչապետի պաշտոնը, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է Ատամբաևի քաղաքականության շարունակողը լինել:

58-ամյա Ժեենբեկովը՝ Ատամբաևի քաղաքական դաշնակիցը, քարոզարշավի ընթացքում հենվել է գործող նախագահի աջակցության վրա: 47-ամյա Բաբանովը մեծահարուստ գործարար է, ով նախկինում զբաղվել է նավթի առևտրով:

Առաջատար մյուս թեկնածուն՝ Թեմիր Սարիևը, հայտարարել է, որ ընտրություններից հետո երկրում չպետք է որևէ լարվածություն լինի:

«Ընտրությունները պետք է ավարտվեն այսօր», - ասել է Սարիևը:

Իշխանության քննադատները հայտարարում են, որ ընտրությունների վրա ստվեր գցեց ընդդիմադիր թեկնածու, «Ատա-Մեկեն» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Օմուրբեկ Թեկեբաևի դատավարությունը: Թեկեբաևը և երկրի արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղադրվում են 2010 թվականին ռուսաստանցի գործարարից 1 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Այդ ժամանակ Թեկեբաևը Ղրղըզստանի փոխվարչապետն էր: Նրա աջակիցները համարում են, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի: