Ատամբաևը հայտարարել է ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրելու մտադրության մասին

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության արտահերթ նիստ հրավիրել, պատճառը՝Ղազախստանի հետ սահմանին տիրող իրավիճակն է:

«Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդպիսի իրավունք ունեմ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ատամբաևը:

Հիշեցնենք, Ղրղըզստանի ու Ղազախստանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերին անակնկալ կերպով իր աջակցությունը հայտնեց Ղրղըզստանի նախագահի թեկնածուներից մեկին՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նազարբաևին մեղադրեց երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: Մեկ այլ ելույթում էլ քողարկված քննադատություն հնչեցրեց Բաբանովի հասցեին՝ նրան օտար երկրի «սպասարկու» անվանելով:

Այս ամենին Ղազախստանն արձագանքեց խստացնելով վերահսկողությունը սահմանին, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանային անցակետում մեծ կուտակումներ են:

Այսօր Ղրղըզստանում ընտրություններ են: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 11 թեկնածու, որոնցից մեկը կին է: Գործող նախագահ Ատամբաևը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում: