Թուրքիայում կրկին կարող է երկարաձգվել արտակարգ դրությունը՝ արդեն հինգերորդ անգամ

Թուրքիա - Զրահամեքենա Ստամբուլում, հուլիս, 2016թ․

Թուրքիայում հինգերորդ անգամ կարող է երկարաձգվել անցած տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը: CNN Türk-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլթաշը:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 16-ին նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Անվտանգության խորհրդի՝ արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում կայացնելու դեպքում այն հաստատման համար նախ կքննարկվի նախարարների խորհրդի նիստում, ապա կուղարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Նախատեսվում է, որ համապատասխան որոշումը Մեջլիսում կընդունվի մինչև հոկտեմբերի 19-ը, երբ կավարտվի նախորդ երկարաձգման ժամկետը: