Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հարևան Ղազախստանի հետ սահմանային անցակետերում տիրող իրավիճակը «ամենաթողություն» է անվանել և համեմատել այն «շրջափակման» հետ:
Ղրղըզական լրատվամիջոցների փոխանցմամբ, սահմանակետերում ահռելի հերթեր են կուտակվել՝ ղազախստանցի սահմանապահների կողմից մարդկանց խստացված ստուգումների պատճառով:
Դեկտեմբերի 1-ին պաշտոնին հրաժեշտ տվող Աթամբաևը մի շարք հանդիպումներ է անցկացրել երկրի քաղաքներում և ելույթ ունեցել Բատկենե քաղաքում: Իր ելույթի ռուսերեն հատվածում նա նշել է, թե երեք օր շարունակ հետևել է ղազախա-ղրղըզական սահմանակետերում տեղի ունեցող «ամենաթողությանը»՝ կարծիք հայտնելով, որ խախտվում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նորմերն ու համաձայնությունները:
Ղազախստանն ու Ղրղըզստանը Հայաստանի և Բելառուսի հետ անդամակցում են Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ-ին: Ղազախստանի հետ սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ նախագահ Աթամբաևը հոկտեմբերի 7-ին հրապարակայնորեն Ղազախստանի իշխանություններին մեղադրել է Ղրղըզստանի ներքին գործերին խառնվելու մեջ:
«Երբ ինչ-որ մեկը ցանկանում է այրել հարևանի տունը, պետք է հասկանա նաև, որ քամին կարող է փոխել ուղղությունը և այրել սեփական տունը», - այսօր կրկին հայտարարել է պաշտոնավարումն ավարտող Աթամբաևը՝ շարունակելով․ - «Խաներին, սուլթաններին, նախագահներին երբեք չի հաջողվել գժտեցնել երկու եղբայրական ժողովուրդներին»: