Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգություն է հայտնել կրթության մասին ուկրաինական օրենքի մի շարք կետերի առնչությամբ, որոնք վերաբերում են էթնիկ փոքրամասնությունների լեզուների ուսուցմանը: Երեկ Ստրասբուրգում լիագումար նիստի ընթացքում խորհրդարանականների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանաձևին, որն ափսոսանք է հայտնում օրենքի բովանդակության կապակցությամբ:
«Նոր օրենքը, մասնավորապես, էապես նվազեցնում է ազգային փոքրամասնությունների ավելի վաղ ճանաչված իրավունքները, որոնք վերաբերում են իրենց մայրենի լեզվին և կրթությանը», - հայտարարել են ԵԽԽՎ-ում:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, չնայած կոշտ քննադատությանը, այդուհանդերձ սեպտեմբերի 25-ին ստորագրեց կրթության մասին օրենքը, որի համաձայն՝ Ուկրաինայի պետական դպրոցներում հինգերորդ դասարանից սկսած ուսուցումը պետք է անցկացվի բացառապես ուկրաիներեն:
ԵԽԽՎ-ն հայտարարել է, որ «նոր օրենքը ընդունվել է առանց էթնիկ փոքրամասնությունների հետ իրական խորհրդակցության»: Վեհաժողովը դժգոհություն է հայտնել նաև, որ Ուկրաինայի իշխանությունները օրենքի տեքստը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին են ներկայացրել դրա՝ Գերագույն ռադայի պատգամավորների կողմից հավանության արժանանալուց հետո:
Վեհաժողովը Կիևին կոչ է արել «ամբողջությամբ կատարել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և խմբագրել կրթության մասին օրենքը»: