«Ներկայումս Հայաստանը անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ: Եվ մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների հետ անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում», - հավելեց վարչապետը:
1988-ի ավերիչ երկրաշարժից սկսած ԱՄՆ զարգացման գործակալությանը Հայաստանին տրամադրել է 1 միլիարդ դոլար աջակցություն:
Հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները գոհ է իր տրամադրած օգնության արդյունքներից, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պատասխանեց․ - «Միջոցները հնարավորինս արդյունավետ կերպով օգտագործվել են, և իրականացված աշխատանքները նպատակաուղղված են եղել այն խնդիրներին, այն առաջնահերթություններին, որոնք կարևոր էին Հայաստանի ժողովրդի համար»:
Օժանդակության հիմնական ոլորտներից է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Վերջերս ԱՄՆ դեսպանը լրատվամիջոցներին ասել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարում հստակ գործողություններ է ակնկալում:
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ Ռիչարդ Միլսը ընդգծեց, որ շարունակելու են աջակցել վարչապետ Կարեն Կարապետյանին կոռուպցիայի դեմ պայքարում․ - «Այս 25 տարիների ընթացքում եղել են դրական տեղաշարժեր, սակայն դեռևս անելիքներ շատ կան: Նոր քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ավելի բարձր հաշվետվողականություն, ավելի բարձր թափանցիկություն ապահովվի: Որպեսզի հավասար խաղի պայմաններ ապահովվեն բոլոր հայաստանցիների համար, որպեսզի հավասար հնարավորություններ և հավասար վերաբերմունք ապահովվի բոլորի նկատմամբ»:
Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էր եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման փոխտնօրենը: Նա նշեց, որ հաջորդ տարի Հայաստանին տրամադրվող օգնությունն ավելի մեծ է լինելու․ - «Ընթացիկ տարվա համար մենք կստանանք 17 միլիոն ամերիկյան դոլար ֆինանսավորում այստեղ մեր ծրագրերի իրականացման համար: Եվ այդ միջոցները կուղղվեն հիմնականում այն ոլորտներին, որտեղ մեր ծրագրերն արդեն իսկ իրականացվում են: Այդ ծրագրերը ներառում են տուրիզմի զարգացմանն ուղղված «Իմ Հայաստան» ծրագրի իրականացումը, էներգետիկ ոլորտի ծրագրերը, ինչպես նաև մեր ժողովրդավարական բլոկի ծրագրերը, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների զարգացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»:
Վաշինգտոնում անկախ Հայաստանի հարցերին հետևած առաջին դիվանագետ, այժմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ այսօր Հայաստանը նույնը չէ, ինչ 25 տարի առաջ, և Նահանգներից եկող օգնությունն աստիճանաբար պետք է կրճատվի․ - «Մեր նպատակը երբեք այն չի եղել, որ Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունը Հայաստանում մնա մշտապես: Մեր խնդիրն է եղել օգնել Հայաստանին ձևավորելու կարողություններ, որոնց շնորհիվ դուք ինքնուրույն կկարողանաք լուծել ձեր խնդիրները՝ բարեփոխումների իրականացում, կոռուպցիայի դեմ պայքար և այլ հարցեր»:
Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունը ծրագրային օժանդակության 60 տոկոսը տրամադրում է Հայաստանի կառավարության և տեղական կազմակերպությունների միջոցով:
Իր պաշտոնական ելույթն այսօր ԱՄՆ դեսպանն ավարտեց կենացով՝ ասելով․ - «Հայաստանի ապագահի կենացը»: