Տավուշի մարզի Վարագավան գյուղի ջրագծերը 1960-ականններից հետո չեն նորոգվել։ Հետևանքն այն է, որ ներկայումս գյուղի բնակիչներն ամեն օր չէ, որ խմելու ջուր ունեն: Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 5 կիլոմետր հեռավորությամբ գտնվող այս համայնքում մարդիկ ստիպված են տարբեր տարաներով թաղամասից թաղամաս ջուր կրել: Ընտանքիներ կան, որ իրենց ջրի կարիքներն այդ կերպ են հոգում արդեն մոտ 20 տարի։
350 բնակիչ ունեցող Վարագավանի բնակիչների մեծ մասը երկու օր մեկ անգամ է խմելու ջուր ունենում։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, գյուղացիների խոսքով՝ անգամ իրենց անասուններն այն չեն խմում: Մարդիկ նաև ասում են, որ այս ընթացքում Ջրի խնդիրը լուծելու խոստումների պակաս չեն ունեցել։
Խնդրի լուծումն, այդուհանդերձ, արդեն մոտ է թվում: Գյուղապետ Վասիլի Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ սկսվել են ջրագծերի վերանորոգման աշխատանքները։ Առաջին թաղամասի ջրագիծն արդեն պատրաստ է, մնացել է 2-րդ թաղամասինը։ Ըստ նրա՝ շուտով այդ հարցն էլ կլուծեն՝ մրցույթ կհայտարարեն ու կսկսեն նաև 2-րդ թաղամասի ջրագծերի նորոգումը։
Վարագավանցիները բողոքում են նաև, որ իրենց գյուղը սահմանամերձ չի համարվում: Ասում են՝ սահմանին լարված իրավիճակների առաջացման դեպքում իրենք ևս պակաս վնասներ չեն կրում, բայց քանի որ գյուղը պաշտոնապես սահմանամերձ չի համարվում, չեն կարողանում արտոնություններից օգտվել։ Բնակիչներից մեկն, այդուհանդերձ, նկատում է՝ «Մենք ջուր կկրենք, մենակ թե խաղաղ լինի»: