Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ու դրա գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ անցկացվող այս փառատոնի շրջանակներում ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանում շատ հայտնի երաժիշտներ, արտիստներ: Այս տարի, սակայն, փառատոնի բացման համերգը պարզապես ցնցող տպավորություն թողեց հայ երաժշտասերների վրա, քանի որ առաջին անգամ էր Երևանում երաժշտության հետ միաժամանակ հանդիսատեսին ներկայացվում նաև բարձրաճաշակ գրական ստեղծագործություն աշխարհահռչակ, լեգենդար ամերիկյան դերասան Ջոն Մալկովիչի անչափ տպավորիչ մատուցմամբ:
Համերգի երկրորդ բաժնում դահլիճում կատարյալ մթություն տիրեց, հետո բեմն աստիճանաբար սկսեց լուսավորվել և Ալֆրեդ Շնիտկեի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո ուվագծվեցին աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի և երիտասարդ, բայց շատ ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովայի կերպարները, ովքեր իրենց համատեղ ստեղծագործական գործունեությամբ պարզապես գերեցին հանդիսատեսին․ Շնիտկեի ստեղծագործությանը զուգահեռ Մալկովիչը ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպից «Հաղորդագրություն կույրերի մասին» հատվածը:
Էռնեստո Սաբատոն արգենտինյան հայտնի հեղինակ է: Նա համարվում է 20-րդ դարի լատինամերիկյան գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը, և Մալկովիչի ներկայացրած այս սյուրռեալիստական, մղձավանջային վեպը նրա լավագույն ստեղծագործություններից մեկն է:
Ջոն Մալկովիչը հայ հանդիսատեսի համար համերգի ավարտին նաև հատուկ անակնկալ էր պատրաստել: Սաբատոյի վեպի ընթերցումից հետո, նա ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի ստեղծագործության հնչյունների ներքո մի հատված ընթերցեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկից՝ ագլերեն թարգմանությամբ:
Ջոն Մալկովիչի այս անակնկալը և առհասարակ նրա բեմելը Արամ Խաչատրյան համերգասարհում հանդիսատեսի կողմից շատ մեծ ջերմությամբ ընդունվեց:
Արամ Խաչատրյանի անվամ միջազգային փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: