Փոխարտգործնախարար․ Այսօր առաջնայինը վստահության մթնոլորտն է, ու դեռևս չենք կարող առաջընթաց արձանագրել կարգավորման հարցում

Նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումից առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանը բանակցելու է վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով, մինչդեռ բուն՝ կարգավորման բանակցություններում առաջընթացի համար այսօր որևէ հիմք չկա:

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քոչարյանը ընդգծեց, որ պետք է տարբերակել այդ երկու բանակցությունները․ բանակցություններ վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, և բանակցություններ՝ հիմնախնդրի կարգավորման գործում առաջընթաց ապահովելու համար․ - «Քանի դեռ չկա կողմերի միջև վստահություն, առաջընթաց անհնարին է: Եթե կրակում են, սադրում են, եթե ամեն օր սպառնում են ուժով, ո՞նց կարող է առաջընթաց լինել․․․ Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ հող, որևէ դրական միտում, որը թույլ տա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»:

Հայաստանի փոխարտգործնախարարի այս հայտարարությունը ուշագրավ է նաև այն առումով, որ օրերս հանդիպելով նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե «երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»:

Անցած տարվա ապրիլյան պատերազմից օրեր անց Bloomberg-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը բանակցությունները վերսկսելու համար մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել՝ ասելով․ - «Որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը, անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ կանեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդը, մենք եարշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստն են բանակցությունները: Մենք բանակցություններ սկսենք էնտեղ, զինվորականները էստեղ՝ պատերազմ»:

Նախագահ Սարգսյանի այս խոսքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երկու անգամ հանդիպել էին անցած տարվա մայիսին ու հունիսին՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում:

Երեկ առավոտյան, Սոչիում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից ժամեր առաջ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել է 19-ամյա զինծառայող Չապլին Մարգարյանը։

«Ազատության» հարցին, թե ունենք արդյոք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողությունների չի սկսի, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ - «Իհարկե չունենք: Ավելին պետք է ասենք, որ Ադրբեջանի, ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առայսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում»:

Հաջորդ հարցին, թե այդ պարագայում, երբ նախապայմանները կատարված չեն, որքանով է նպատահարմար գնալ բանակցություններին, փոխարտգործնախարարն արձագանքեց․ - «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մի հարթությունը վերաբերվում է ընդհանուր առմամբ նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները: Դա նաև եռանախագահների առաքելությունն է: Մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: Էդ երկու հարթություններն իրար հետ սերտ կապված են: Եվ, հաշվի առնելով վերջին ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումը առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Եվ այդ տեսակետից բանակցություններ ասելով, մենք պետք է հստակ գիտակցենք, որովհետև շատ անգամ պատկերացումն այսպիսին է՝ գնում են կոնկրետ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք սրտի, դա դեռևս այդպես չէ, և այսօր առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որը իր հերթին նշանակում է, որ պետք է այդ սադրանքներին վերջ դրվի»:

Շավարշ Քոչարյանը հավելեց, առայժմ չի կարող նշել, թե երբ ու որտեղ են հանդիպելու երկու նախագահները: