Վերջերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Բելառուսի Ազգային թանգարանում բացվել էր հայ անվանի գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական մեծ ցուցահանդեսը: Գեղանկարիչը սա մեծ ձեռք բերում է համարում ոչ միայն անձամբ իր, այլև ողջ հայ ժամանակակից կերպարվեստի համար: Հանգամանքը, որ ցուցահանդեսը շատ մեծ ուշադրության է արժանացել, Միրզոյանն առաջին հերթին պայմանավորում է հայկական արվեստի ու մշակույթի նկատմամբ եղած հետաքրքրությամբ:
«Կուզեի, որ մեր մշակույթի գործիչները մի քիչ մտածեին հայ կերպարվեստը ներկայացնելու մասին: Այն համարյա ներկայացված չէ, մեզ այդքան լավ չեն ճանաչում, մեր արվեստը: Միայն 30 թե 40 տարի առաջ Սարյանի ցուցահանդեսն է եղել այդ թանգարանում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց գեղանկարիչը:
Նրա խոսքով՝ Մինսկում Բելառուսի Ազգային թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի սեպտեմբեր ամսին նույնպես բացել հայկական կերպարավեստի մեծածավալ մի ցուցահանդես «Սարյանից մինչև մեր օրերը» խորագի ներքո՝ նվիրված Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին:
Այդ ցուցահանդեսը կազմակերպելու է Հայաստանի Ազգային պատկերասրահը, որը նախկինում երկար տարիներ ղեկավարել է Փարավոն Միրզոյանը: Նրա համոզմամբ, «ցավոք, այսօր հայկական ժամանակակից կերպարվեստը ոչ միայն դրսում հավուր պատշաճի չի ներկայացվում, այլև հենց այստեղ՝ Հայաստանում»: Նկարչի խոսքով՝ կերպարվեստի նկատմամբ թե՛ պատկան մարմինները, թե՛ հանրությունն առհասարակ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում: «Դրա լավագույն ապացույցն այն է, որ մեր ժամանակակից գեղանկարիչների աշխատանքները շատ քիչ են վաճառվում»,- ասում է Փարավոն Միրզոյանը:
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի հետ զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5