Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։
Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։
Փաստաթղթերում նշվում է, որ երկու պետությունների կառավարությունների միջև նմանատիպ վարկային համաձայնագիր ստորագրվել է նաև 2015 թվականի հունիսի 26-ին, որն այժմ գործում է․ խոսքը 200 միլիոն դոլար վարկի մասին է։ Նշենք, որ այս վարկով զենքի մատակարարումը դեռ չի ավարտվել: Վերջերս Պաշտպանության նախարարը ասուլիսում հայտարարեց, որ մատակարարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, թե՛ այս վարկով և թե՛ նախորդ վարկով ձեռք բերված զենքերը հայկական կողմին տրվում են ցածր գներով: Մինասյանի խոսքով՝ այս համաձայնագիրը հայկական կողմի ցանկությունն է՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում չպարտվելու համար․ - «Արտոնյան գները, որոնցով Հայաստանը ձեռք է բերելու նոր կամ ժամանակակից զինատեսակներ, այդ առումով, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, դա իրականում ոչ թե 100 միլիոն դոլար է, այլ միգուցե մի քանի անգամ շուկայական գներով ավելի բարձր գործարքի մասին է խոսքը գնում»:
Մինասյանի կարծիքով, Ադրբեջանին և Հայաստանին զինելով Ռուսաստանը ավելացնում է իր քաղաքական ազդեցությունը այս երկրներում։ Չնայած դրան, ըստ քաղաքագետի, այս վարկով Հայաստանը մի քանի տեսակի զենք ձեռք կբերի․ - «Քանի որ այստեղ խոսքը գնում է նոր կամ նոր արտադրվող զինատեսակների մասին, ապա բավականին լայն տարբերակներ կարող են լինել՝ սկսած հրթիռահրետանային միջոցներից, վերջացրած նաև հակատանկային, հակաօդային պաշտպանության զինատեսակները»:
Այսօր Կառավարության կողմից հաստատված փաստաթղթի հիմնավորումներում նշվում է, որ համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին, և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ նման վարկերին բացասական է վերաբերվում: Նրա կարծիքով, սա մեծացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից․ - «Ակնհայտ է, որ մենք վակը ժամանակին չենք կարողանալու մարել, Ռուսաստանը հետո դրա փոխարեն վերցնում է մեր ռազմավարական օբյեկտները: Այ դա է վատը, է՛լ ավելի կախվածության մեջ ենք ընկնում»:
Քաղաքագետը չի կարծում, թե 100 միլիոն դոլարի զենքը շատ կփոխի ուժերի հարաբերակցությունը, քանի որ դրանք հիմնականում պաշտպանական զենքեր են։ Նա նաև ասում է, որ Հայաստանը պետք է բարձրացնի ռազմական մրցավազքի անթույլատրելիության հարցը:
Այսօր Երևանում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: Նա պնդել է, որ եթե ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառեր, ապա այդ երկիրը այլ մատակարար կգտներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գեներալն ասաց, թե Հայաստանը ունի ժամանակակից զինտեխնիկա՝ հավելելով, որ չի կարող մանրամասներ հրապարակել: