Թուրքիան կսահմանափակի իրաքյան Քուրդիստանի հետ սահմանի անցակետերի գործունեությունը

Թուրքական բանակի զորավարժություններ Իրաքի սահմանի մոտ, սեպտեմբեր, 2017թ․

Թուրքիան աստիճանաբար կփակի սահմանը իրաքյան Քուրդիստանի հետ` համակարգելով իր գործողությունները Իրաքի կենտրոնական իշխանությունների և Իրանի հետ: Այսօր Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Սրան զուգահեռ, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկի` Հաբուրի հարևանությամբ անցած գիշեր թուրքական բանակի տանկային ստորաբաժանումներ են տեղակայվել:

Շաբաթ օրն արդեն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կմեկնի Բաղդադ` Քուրդիստանում ստեղծված կացությունը քննարկելու Իրաքի վարչապետի հետ:

Հիշեցնենք՝ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի մասնակիցների մոտ 93 տոկոսը ձայնը տվել է անկախության օգտին: