Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները պատրաստ են բանակցել Բաղդադի հետ

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանի, արխիվ

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը պաշտոնական Բաղդադին առաջարկում է բանակցություններ սկսել: Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարությունը նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել անցած գիշեր:

Էրբիլը Իրաքի կենտրոնական կառավարությանն առաջարկում է բանակցություններ կազմակերպել, որոնց օրակարգային հիմնական թեման է լինելու երկրի քրդական շրջաններում գտնվող օդանավակայանների, սահմանային անցակետերի և բանկերի կարգավիճակը: Սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեից հետո վերոհիշյալ բոլոր կառույցները ենթարկվել են պաշտոնական Բաղդադի պատժամիջոցներին:

«Խմբակային պատժի կիրառումից խուսափելու համար մենք հավաստիացնում ենք վարչապետ ալ-Աբադիին, որ պատրաստ ենք բանակցություններ և երկխոսություն սկսել` Իրաքի Սահմանադրության շրջանակներում», - նշված է Իրաքի քրդական ինքնավարության կառավարության հայտարարության մեջ:

Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի պաշտոնական արդյունքներով՝ քվեարկության մասնակիցների մոտ 93 տոկոսը ձայնը տվել է անկախության օգտին: