Հայաստանը աջակցություն է հայտնել ավանդական ընտանիքների պահպանման մասին Ռուսաստանի նախաձեռնած հայտարարությանը

Սոչիում հավաքվել են հետխորհրդային երկրների ղեկավարեր. այնտեղ այսօր անցել են ԱՊՀ և Եվրասիական միության գագաթնաժողովները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Ներկա էին ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, բացակայում է միայն Ղրղըզստանի նախագահը:

ԱՊՀ գագաթնաժողովին իր խոսքում Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ երկրները նոր փոխշահավետ նախագծեր սկսելու հնարավորություն ունեն: - «Մենք նախանշել ենք ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման համար կատարելիք քայլերը, քննարկել ենք, թե ինչ անել ԱՊՀ արդյունավետությունը բարձրացնելու համար», - նշել է նա:

Բելառուսի նախագահը հերթական անգամ քննադատել է ԱՊՀ-ն, այս անգամ Լուկաշենկոն թիրախավորել էր ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովը:

Հայաստանի նախագահն էլ իր աջակցությունն է հայտնել ռուսական նախաձեռնությանը․ Սերժ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է․ - «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած «Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին» հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»:

Մինչև ԱՊՀ գագաթնաժողովը Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահների հետ:

Դե իսկ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը կշարունակի երկկողմ հանդիպումները: Նախօրոք հայտարարված էր, որ Պուտինը հանդիպելու է այսօր նաև Մոլդովայի, Ղազախստանի նախագահների հետ: Ի՞նչ ձևաչափով են լինելու Պուտինի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ այս պահին հստակ տեղեկություն չկա:

Հիշեցնենք՝ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել։ Թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով է լինելու հանդիպումը մեկուկես տարի ընդմիջումից հետո՝ համանախագահները դեռ չեն ասել։ Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հունիսին, հանդիպումն անցել էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպմանը՝ այնտեղ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումներից բացի հիմնական ինտրիգներից է նաև Ղրղըզստանի նախագահի բացակայությունը, թեև պաշտոնական Բիշքեքը ասել է, թե Ալմազբեկ Ատամբաևը չի մեկնել Սոչի Ղրղըզստանում կիրակի օրը անցկացվելիք նախագահական ընտրությունների պատճառով: Իրականում գագաթնաժողովի նախօրեին աննախադեպ սկանդալ էր տեղի ունեցել Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահների միջև: Ատամբաևը Նազարբաևին մեղադրել էր Ղրղըզստանի ներքաղաքական գործերին միջամտելու փորձի մեջ:

Դե իսկ այսօրվա արդեն կայացած հանդիպումների ամենահետաքրքիր պահերից մեկն էլ Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումն էր: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Ռուսաստանի նախագահին շուն էր նվիրել, Պուտինը շան գրկել ու համբուրել էր: Շան անունը Հավատարիմ է:

Հավելենք, որ Սոչիում գագաթնաժողովների շրջանակներում այսօր մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու, այդ թվում՝ նաև ավանդական ընտանեկան արժեքների պահպանման մասին: