Ռուսաստանի և Վրաստանի միջև վեց տարի առաջ կնքված պայմանագիրը թղթի վրա է մնում

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Արդյոք Ռուսաստանն ու Վրաստանը ի վերջո կյանքի կկոչե՞ն դեռ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք` 2011 թվականին կնքված և մինչ օրս թղթի վրա մնացող պայմանագիրը, որի համաձայն, մի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև ապրանքների շրջանառության մաքսային հսկողությունն իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը: Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ վրացական իշխանությունները արհեստականորեն ձգձգում են համաձայնագրի կատարումը:

«Թբիլիսին ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը կատարի համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները, սակայն իր ստանձնած պարտավորությունների մասին վրացական կողմը սկզբունքորեն չի ուզում լսել», - օրերս РИА "Новости" գործակալության հետ զրույցում նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Թբիլիսիում, սակայն, այս մեղադրանքները չեն ընդունում: Անդրադառնալով այս թեմային` Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ նշում էր․ - «Վրաստանը վաղուց արդեն պատրաստ է կատարել իր ստանձնած պարտավորությունները: Մենք պատրաստ ենք համաձայնագիր կնքել շվեյցարական միջնորդ ընկերության հետ: Համաձայնագրի միակողմանի կատարումը, սակայն, անհնարին է»:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին էլ Մոսկվայից հնչող հայտարարությունները տարօրինակ էր որակում: «Այդ հայտարարության բովանդակությունն ինձ այնքան էլ հասկանալի չէ, և դրա հնչեցման որևէ ռացիոնալ պատճառ ես չեմ տեսնում: Միանշանակորեն կարող եմ ասել, որ վրացական կողմը իր ստանձնած պարտավորությունները կատարել է», - հայտարարում էր Ցիխելաշվիլին:

Վեց տարի առաջ կնքված համաձայնագիրը Ռուսաստանին հնարավորություն տվեց մուտք գործել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ պաշտոնական Թբիլիսիին` հայտարարել, թե Վրաստանը, թեկուզև միջնորդավորված կերպով, վերականգնում է արտաքին սահմանների վերահսկողությունը: Բացի այդ, կողմերը այսպիսով կարողանում էին շրջանցել Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունների կողմից մաքսային ձևակերպումների իրականացման վիճահարույց հարցը: Վրացական իշխանությունները մտավախություն ունեին, որ մաքսային գործառույթների հանձնումը Ցխինվալիին և Սուխումիին կարող է դիտվել որպես ինքնահռչակ հանրապետությունների յուրատեսակ լեգիտիմացում:

Որոշ ռուսական աղբյուրներ էլ պնդում են, թե համաձայնագիրը կյանքի կոչելու դեպքում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում այսպես կոչված տրանսպորտային տարանցիկ միջանցքներ կգործեն, մասնավորաբար կվերագործարկվի աբխազական երկաթուղին և կսկսի գործել Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան գնացող և Վերին Լարսով անցնող ուղուն այլընտրանք հանդիսացող ճանապարհը:

Ամռանը, այդուհանդերձ, Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերքեց այդ լուրերը, հայտարարելով․ - «Տարանցիկ ուղիների վերաբացման հարցը մենք չենք քննարկում: Խոսքը բացառապես 2011 թվականին կնքված պայմանագրի իրագործման մասին է: Հայաստանը չպետք է հույսեր ունենա, որ [պայմանագրի իրագործմամբ] Աբխազիայի տարածքով, ասենք, տրանսպորտային միջանցք է բացվելու»: