Այսօր կեսօրին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը:
Ավստրիացի Ստեֆան Շենախի և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի` «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15-կետանոց բանաձևը հաստատվեց քվեների 117 կողմ և 18 դեմ հարաբերակցությամբ: Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկեցին Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը: Երկրորդ բանաձևի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման` այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին:
Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը և թե՛ քաղբանտարկյալների առկայությունը:
«Այսօր մենք երկու բանաձև ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին: Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության և կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան: Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին` ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը: Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2․5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար` այսպես կոչված «Լվացքատան գործը»: Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցե՞ն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային», - հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը:
Այս ելույթը հունից հանեց Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: «Պարո՛ն Օմտցիգտ: Հերի՛ք է ժողովրդավարության անկողմնակալ աջակցի դեր խաղալ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են կանգնած ձեր թիկունքում: Մենք գիտենք ձեր հայաստանցի աջակիցների մասին», - հայտարարում էր Սեիդովը:
Ադրբեջանցի պատգամավորի համոզմամբ՝ Խորհրդարանական վեհաժողովում Բաքվի դեմ քննադատության հերթական ալիքի նախաձեռնողը ոչ միայն հայերն են, այլև անձամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Ինչո՞ւ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որը պետք է ամեն կերպ աջակցի պետությունների միջև երկխոսության ծավալմանը, մի կողմից իր համար շատ ընդունելի շփումների մեջ մտնում Ռուսաստանի Դաշնության հետ, բայց մյուս կողմից շատ կոշտ դիրքորոշում է որդեգրում Ադրբեջանի հանդեպ», - վրդովվում էր Սեիդովը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ուկրաինուհի Օլենա Սոտնիկը, սակայն, կոչ էր անում իր ադրբեջանցի գործընկերոջը դավադրապաշտության գիրկը չընկնել:
«Պարոն Օմտցիգտը ուղիղ հարցադրումով հանդես եկավ, որը վերաբերում էր կոռուպցիոն մեղադրանքներին: Այդ հարցին մեղադրանքներով հակադարձելը, կարծում եմ, կոռեկտ չէ և դուրս է էթիկայի սահմաններից: Թույլ տվեք պատասխանել իմ ղեկավարած կոմիտեի անունից: Ես տեղյակ եմ, թե ով է մեր թիկունքում` նախևառաջ Մարդու իրավունքների կոնվենցիան և մարդու իրավունքները որպես արժեք, օրենքի գերակայությունն ու հարգանքը [մարդու] հիմնարար ազատությունների հանդեպ», - հայտարարում էր Սոտնիկը:
Շուրջ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակության առաջարկած մոտ մեկ տասնյակ լրացումները, որոնց գլխավոր նպատակն էր մեղմացնել երկու բանաձևերում առկա կոշտ ձևակերպումների գոնե մի մասը, մերժվեցին: Փոխարենը, եվրոպացի պատվիրակների առաջարկած և խիստ քննադատություն պարունակող մի շարք լրացումները հաստատվեցին քվեների մեծամասնությամբ: Այս ամենը ստիպեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
«Այս ամենն իրոք շատ տարօրինակ է: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր որոշ գործընկերներ փորձում են իրավիճակը չափազանցված ներկայացնել: Բայց դա արժեզրկում է այն փաստաթուղթը, որ դուք պատրաստվում եք ներկայացնել ադրբեջանական իշխանություններին: Դուք կարող եք գրել նույնիսկ, որ մենք, ասենք, Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ անդամ չենք, և դա ուղղակի անհեթեթություն է», - նշում էր Սեիդովը: