Ավագանու արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում

Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հայհոյեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի ելույթից հետո, երբ Խաչատրյանը հորդորում էր չվիրավորել կնոջը։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Իգիթյանը սկզբում նշեց, թե չի հայհոյել, այնուհետև իմանալով, որ տեսախցիկները ֆիքսել են դա, ասաց, թե հայհոյանքն օգտագործել է հարևանի հետ զրուցելիս և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին չի ասել․ - «Ես կողքիս նստածի հետ զրուցում էի, և որևէ մեկի հասցեին չէր․․․ Զրուցում էի բոլորովին ուրիշ թեմայով»:

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, գրող Ռազմիկ Դավոյանին, հաղորդավար Նարա Շլեպչյանին։ Իսկ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը և բալետի պարող Սևակ Ավետիսյանը բնակարան նվեր ստացան։

Ավագանու կազմում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խմբակցության և ընդդիմադիր «Երկիր Ծիրանի»-ի անդամների միջև վիճաբանությունը սկսեց այն բանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ այս քաղաքացիները պարգևատրվում են «անարդարությունների դեմ չպայքարելու և լռելու համար»․ - «Ստացել եք վաստակավոր արտիստի կոչում արյունոտ և պատերազմը պարտված ձեռքերից: Եվ հիմա էլ ուզում եք ստանալ բնակարան Երևանը քանդող, աղտոտող ձեռքերից: Հասկանալի է, որ այսպիսի շռայլ պարգևները հենց այնպես չեն տրվում: Դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու ու լռելու համար: Դրա համար պետք է նաև այս կետին դեմ քվեարկել»:

Նախագահի ու քաղաքապետի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ելույթ ունեցավ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը․ - «Եթե որոշել եք ինչ-որ ցնորքով մեր կյանքը դժոխք դարձնել, ես այլևս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին: Մենք ձեզ դրախտ բերողը չենք, հաշվի առեք: Ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի և մեր վաստակի ու աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ»:

Կամո Արեյանի ելույթից հետո մեկ այլ հանրապետական՝ Արմեն Հովհաննիսյանը, շրջվեց, ու դիմելով Մարինա Խաչատրյանին, ասաց՝ «կերա՞ր, աղջի»:

Ավագանու անդամ Կարո Հովհաննիսյանը (ՀՀԿ) զգուշացրեց, որ դատի է տալու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին վիրավորելու համար։

«Երկիր Ծիրանի» խմբակցությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ Կամո Արեյանին չեն պատասխանի, իսկ իրենց դատի տվողներին պատրաստ են նախագահի ու քաղաքապետի հասցեին հնչեցրած գնահատականները հաստատող ապացույցներ ներկայացնել։