The Wall Street Journal հանդեսը հաղորդել է, որ իր թղթակից Այլա Ալբայրաքը «ահաբեկչական քարոզ տարածելու» մեղադրանքով Թուրքիայում հեռակա կարգով դատապարտվել է 2 տարվա և 1 ամսվա ազատազրկման:
Թղթակցին մեղադրում են քուրդ զինյալ ապստամբների տեսակետները հրապարակելու եղանակով ահաբեկչությանը սատարելու մեջ:
Թուրք իրավապահներն իրեղեն ապացույց են համարում 2015 թվականին Ալբայրաքի հեղինակած հոդվածը քրդական ջոկատների և թուրքական բանակի բախումների մասին:
The Wall Street Journal-ը հայտարարել է, որ պաշտպանում է իր լրագրողին, քանի որ հոդվածը չեզոք և հավասարակշռված է:
Ֆինլանդիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Ալբայրաքը ներկայում գտնվում է Նյու Յորքում:
Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ Թուրքիայում վերջին տարիներին էապես վատթարացել է մամուլի ազատության վիճակը: