Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
Կոմիտեն նշում է, որ Մարգարյանը հրազենային վիրավորում է ստացել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում՝ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նա անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով [սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով]։
«Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, գրանցվել է զինվորի կենսաբանական մահը», - ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեն նշում է, որ կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: