Ընտանեկան բռնության խնդիրը կա, և այդ խնդիրը պետք է լուծել. Դավիթ Հարությունյան

Ընտանեկան բռնության խնդիրը կա հասարակությունում, և այդ խնդիրը պետք է լուծել, «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Կառավարությունը նույն համառությամբ կշարունակի, որովհետև խնդիրն առկա է մեր հասարակությունում, և, բնականաբար, այն պետք է լուծել։ Կարո՞ղ են լինել մարդիկ, ովքեր կատեգորիկ դեմ են դրան, իհարկե կարող են, և դա նորմալ է, իրենք ունեն իրենց իրավունքը, իրենք իրավունք չունեն, իհարկե, խանգարելու բնականոն ընթացքը ցանկացած միջոցառման», - ասաց նախարարը։

Նշենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն անցնում են թեժ մթնոլորտում։ Մի խումբ քաղաքացիներ պնդում են, որ օրինագծով կառավարությունը փորձում է օրինականացնել երեխաներին ծնողներից վերցնելու գործընթացը։

Օրինագիծը հեղինակած գերատեսչության ղեկավարը հերքում է այս պնդումները։ «Բանն այն է, որ իրենց ելույթներից ակնհայտ երևում է, որ կա՛մ չեն հասկացել օրենքը, կա՛մ չեն կարդացել օրենքը, դրա համար այդ նպատակը՝ հարց-պատասխան, երբ իրենք կարողանային իրենց մտահոգող հարցը հնչեցնեին, լսեին պատասխանը, իսկ հանրային քննարկումները դեռևս շարունակվում են», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Քննարկումների ժամանակ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը պնդեց, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։ Դավիթ Հարությունյանը հակադարձում է. - «Վստահեցնում եմ Ձեզ՝ կառավարության վրա այդ առումով որևէ ճնշում չկա, այս խնդիրը մենք ինքներս համարում ենք առաջնահերթ խնդիր, ի դեպ, նաև ամբողջ քաղաքակիրթ մարդկությունն է համարում առաջնահերթ խնդիր։ Ուշադրություն դարձրեք՝ սրան նվիրված վերջին կոնվենցիան, որը կոչվում է «Ստամբուլյան կոնվենցիա», Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի։ Ես չեմ կարծում, որ սա խոսում է այն մասին, որ Հայաստանը մի ինչ-որ հակառակ տենդենցի է մասնակցում, ո՛չ, սա խնդիր է, այն, որ այդքան երկրներ ստորագրել են այդ կոնվենցիան, որը համատարած է»։ «Նոր երևույթ է դրա ուսումնասիրությունը, բռնությունը նոր երևույթ չէ ընտանեկան, բայց որպես առանձին ֆենոմեն, ուսումնասիրության առարկա վերջին 30 տարվա ընթացքում է իրականացվել, և նորանոր գործիքներ են զարգանում այդ առումով, ինչո՞ւ մենք պետք է հետ մնանք այդ պրոցեսից, եթե այն բնորոշ է նաև մեր հասարակությանը», - ասաց նախարարը՝ նշելով, որ ցանկացած ողջամիտ առաջարկություն ենթակա է քննարկման։

«Վստահ եմ՝ և՛ Ազգային ժողովում էլ կլինեն առաջարկություններ, և՛ հիմա էլ են հնչում առաջարկություններ, բայց՝ ողջամիտ», - ասաց Հարությունյանը։

Հարցին, թե մեծամասնությունը դրակա՞ն է տրամադրված, հանրապետականներն առա՞ջ են տանելու օրինագիծը, նախարարը պատասխանեց. - «Ես ասել եմ՝ այո՛»։