Վարչապետ Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: Այս մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային:
Այսօր ավարտվել է Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Իրան: Թեհրանում Կարապետյանին ընդունել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին և մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Սակայն առանցքային հանդիպումը, թերևս, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպումն էր, որի ժամանակ քննարկվել են գազի գնման հետ կապված հարցեր:
Ուշագրավ է, որ Հայաստանի կառավարությունը բավական զուսպ է ներկայացնում այդ հանդիպման արդյունքները: «Հանդիպմանը քննարկվել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փոխարենը, մանրամասներ է հաղորդում Իրանի նավթի փոխնախարարը: Ամիրհոսեյն Զամանինիային իրանական Asrenaft լրատվական գործակալությանն ասել է․ «Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շահագրգռված է Իրանից գազ գնելու հարցում, ինչին ի պատասխան՝ Իրանի նավթի նախարարը խոստացել է հարցը քննարկել Իրանի ազգային գազային ընկերության հետ»: Իրանի նավթի փոխնախարարը նաև նշել է․ «Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել այս ծրագրի իրականացմանը»:
«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանի ներկայացմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի թեհրանյան այցի առանցքային մասն, անշուշտ, վերաբերում է գազին: «Իրանական լրատվամիջոցները շեշտել էին անկախ գազ գնելու մասին, այսինքն՝ դա չի լինելու այն շրջանակում, որը վերաբերում է հոսանքի հետ փոխանակմանը: Նաև քննարկվել է Հայաստանի կողմից թուրքմենական գազի ստանալը Իրանի «սվոփ»-ի միջոցով: Իրանական կողմը համաձայնվել է օգնել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ստանալ թուրքմենական գազն Իրանի տարածքով»,- ասաց Ռուբիկ Մինասյանը:
Հատկապես վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ բարձրացվում է Հայաստանի՝ Իրանից գազ գնելու հնարավորության հարցը: Օգոստոսին հայտնի դարձավ, որ Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարավող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, և հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին ու ձեռնարկություններին: Այս մասին իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում ասել էր Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը:
Օգոստոսի սկզբին՝ Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, թե Հայաստանի ու Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայում փորձագիտական քննարկումների փուլում է:
Հայ-իրանական գազային քննարկումների ֆոնին, մինչդեռ, պարզվում է Իրանից Հայաստան ներկրվող կապույտ վառելիքի ծավալները նախորդ տարիներին նկատելիորեն նվազել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, եթե 2012 թ․ Հայաստանը Իրանից ներկրել էր 488,3 միլիոն խորանարդ մետր գազ, ապա անցած տարի՝ 372 միլիոն խորանարդ մետր գազ, կամ 23,8 տոկոսով պակաս: Պակասել է նաև իրանական գազի չափաբաժինը ներկրվող գազի ընդհանուր ծավալի մեջ:
Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից, սա նշանակում է, որ անցած տարիներին ներկրվող իրանական գազի ծավալները պակասեցվել են՝ հօգուտ ռուսականի: Եթե 2012 թ․ իրանական գազի չափաբաժինը ներկրված ընդհանուր գազի 19,8 տոկոսն էր կազմում, ապա անցած տարի այն կազմել է ընդհանուրի 16,6 տոկոսը: