Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահը հրաժարվում է ստորագրել սեպտեմբերի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց երկուշաբթի երեկոյան` Հավլաբարի իր նստավայրում հրավիրված հատուկ ասուլիսի ընթացքում:

«Այսօր ես հետ եմ ուղարկել խորհրդարան Սահմանադրության փոփոխությունների նախագիծը` դրան կցելով իմ պարզաբանումները: Դրանք վերաբերում են մի շարք վիճահարույց դրույթների, մասնավորաբար` խորհրդարանական ընտրությունների ընթացքում [հաղթող կուսակցությանը տրվող] բոնուսին, նախընտրական դաշինքների ստեղծմանը, Սահմանադրական դատարանի գործունեությանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում համամասնական ընտրակարգի կիրառմանը վերաբերող [անցումային] դրույթներին, նախագահի ընտրության կարգին և դավանանքի ազատությանը վերաբերող հոդվածներին: Մենք կկարողանանք փոխհամաձայնեցված փաստաթուղթ ընդունել միայն մի դեպքում` եթե խորհրդարանականները հավանություն տան ներկայացված լրացումներին, քննարկելով դրանք ոչ թե կուսակցական տեսանկյունից, այլ որպես քաղաքական ուժերի և ժողովրդի փոխհամաձայնության մասին վկայող գերագույն մի փաստաթուղթ», - հայտարարում էր Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլին մասնավորաբար առաջարկում է վերացնել նորացված Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որի համաձայն, խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժը բոնուս է ստանում` անցումային շեմը չհաղթահարած ուժերին բաժին ընկնող մանդատների տեսքով: Մարգվելաշվիլին նաև դեմ է նախընտրական դաշինքների ձևավորումն արգելող սահմանադրական դրույթին, ինչպես նաև կոչ է անում չհրաժարվել նախագահի համընդհանուր ընտրությունների պրակտիկայից:

Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, 2018-ին Վրաստանի քաղաքացիներին վերջին անգամ հնարավորություն կտրվի նախագահ ընտրել` վեց տարի ժամկետով: 2024 թվականից սկսած նախագահին նշանակելու է ընտրիչների 300-հոգանոց կոլեգիան: Մարգվելաշվիլին նաև կտրականապես դեմ է խորհրդարանական ընտրություններին վերաբերող անցումային դրույթին, որի համաձայն՝ 2020 թվականի հերթական ընտրությունները կանցնեն այժմ գործող ընտրակարգով՝ 77 համամասնական և 73 մեծամասնական մանդատ, և միայն 2024 թվականին անցում կկատարվի 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, սակայն, համոզված են` Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ նախագահ ընտրված և հետագայում նրա հետ հարաբերությունները խզած Մարգվելաշվիլին փորձում է ապակայունացնել իրավիճակը:

«Դա շատ ապակառուցողական քայլ էր նախագահի կողմից, և ես կարծում եմ, որ եթե Մարգվելաշվիլին շարունակի նույն ոգով գործել, ապա նա իր վետոյի հետ քաղաքական դաշտում միայնակ կմնա», - հայտարարում էր «Վրացական երազանք» խմբակցության անդամ Լևան Կոբերիձեն:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդուհանդերձ, խոստանում են աջակցել Մարգվելաշվիլիին` անելով հնարավորը, որ սահմանադրական փոփոխությունների վրա դրված նրա վետոն ի վերջո հանգեցնի ներկայացված նախագծի արմատական փոփոխությունների: Այս մասին հայտարարեց վրացական խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նախագահի վետոյին: Ցավոք սրտի, սակայն, մենք այլևս հիմքեր չունենք հուսալու, որ «Վրացական երազանք»-ը, Իվանիշվիլիի թիմը սթափություն կցուցաբերեն: Չնայած դրան, մեկ անգամ ևս նրանց կոչ ենք անում վերանայել իրենց մոտեցումը` խուսափելով քաղաքական ողջ սպեկտրին, քաղաքացիական հասարակությանն ու ողջ վրաց ժողովրդին հակադարձվելու հեռանկարից», - հայտարարում էր Բոկերիան:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ արդեն առաջիկա օրերին, ըստ ամենայնի՝ ուրբաթ, հոկտեմբերի 13-ին, Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի և կքննարկի նախագահ Մարգվելաշվիլիի սահմանած վետոյի հարցը: «Վրացական երազանք»-ը այդ վետոն հաղթահարելու համար բավարար թվով քվեներ ունի: Առանց նախագահի հավանության Սահմանադրության նախագծին օրենքի ուժ հաղորդելու համար իշխող կուսակցությանը խորհրդարանում 113 քվե է անհրաժեշտ, իսկ «Վրացական երազանք» խմբակցության անդամների ընդհանուր թիվը այս գումարման խորհրդարանում 115 է: