Երևանյան խանութներում կտրուկ թանկացել են նվազագույն սպառողական զամբյուղի մաս կազմող որոշ ապրանքատեսակներ: Պաշտոնական տվյալների համաձայն, կարագը թանկացել է մոտ 30 տոկոսով, իսկ միսը, կախված տեսակից՝ 20-ից 30 տոկոսով:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաորդաշարի եթերում այս հարցի շուրջ իրենց մասնագիտական գնահատականներն ու մեկնաբանություններն են ներկայացնում տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Ըստ Պիպոյանի, մրցակցային մարմինը՝ ՏՄՊՊՀ-ն միակ մարմինն է, որն արձագանքում է գներին և որի վրա դրված է «կառավարության անգործության ողջ բեռը», մինչդեռ այդ հանձնաժողովը կառավարությունից առանձին է գործում: «Բոլոր այն ուղղություններում, որտեղ չկա գերիշխող դիրք ունեցող, օրինակ մսամթերքի շուկան, մրցակցային մարմինը գնի մասով անելիք չունի: Պետք է բիզնեսը զարգանար, տնտեսությունը զարգանար, գյուղոլորտի համապատասխան կառույցները զարգանային, որպեսզի հնարավոր լիներ զսպել բացասական միտումները»,- ասում է Պիպոյանը:
Ինչ վերաբերում է կարագի թանկացմանը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը մասամբ համաձայն է տեսակետին, թե այս ապրանքատեսակի թանկացումը կարող է ոլորտի տնտեսվարողների՝ ստվերից դուրս գալու հետևանքը լինել, քանի որ դա բնական է «հարկման դաշտ գալու պարագայում»: «Սակայն ես չէի շատապի դա [կարագի թանկացումը] կապել բացառապես հարկային կոշտ վարչարարության հետ»,- նկատում է Կարլեն Խաչատրյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում