Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վաղը կլինեն Սոչիում՝ ԱՊՀ գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում, Բիշքեկ, 16-ը սեպտեմբերի, 2016թ.

Կլինի որևէ ձևաչափով հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, թե ոչ՝ պաշտոնական հայտարարություն գոնե այս պահին դեռ չկա:

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Սոչիում են լինելու միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այնտեղ անցնելու են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովները:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Սոչիում Վլադիմիր Պուտինը կանցկացնի նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, ընդ որում, ընդգծել է, որ Պուտինը հանդիպելու է Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ, հավելելով․ - «Չեմ բացառում, որ լինեն նաև ուրիշ հանդիպումներ, ես թվարկեցի նրանք, որ արդեն համաձայնեցված են: Հնարավոր է, որ առանձին քննարկումներ էլ լինեն` ոտքի վրա, օրինակ, կամ այլ հանդիպումներ ևս անցկացվեն»:

Կլինի որևէ ձևաչափով հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, թե ոչ՝ պաշտոնական հայտարարություն գոնե այս պահին դեռ չկա:

Երեկ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը, հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև», - շեշտել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով իրենց այցը տարածաշրջան, հաղորդագրություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․ - «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»:

Թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը, համանախագահները չեն հայտնել:

Հիշեցնենք, վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Դա եռակողմ հանդիպում էր՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Ռուս փորձագետը չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում հաստատված հարաբերական հանգիստը «ռուս-ադրբեջանական որոշակի պայմանավորվածությունների ադյունք է»:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ պետք չէ բացառել, որ Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպում կարող է լինել: «Հարաբերական հանգստությունը Ղարաբաղում, վերջին շրջանում լարվածութան նվազումը պայմանավորված չէ այն հանգամանքով, թե Ադրբեջանը հանկարծակի խաղաղասեր է դարձել: Ամենայն հավանականությամբ՝ գործում են ռուս-ադրբեջանական որոշակի պայմանավորվածություններ»,- նշում է ռուս փորձագետը՝ շարունակելով․

«Կարծում եմ՝ ինչ-որ պայմանավորվածություն, այնուամենայնիվ, կա, սակայն դա չի բարձրաձայնվում, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ՝ առարկայական լուրջ բանակցություններ սկսելու համար։ Նախ՝ պետք է արձանագրել, որ լարվածությունը շփման գոտում նվազել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։ Ասել, թե Մոսկվան այստեղ որևէ դեր չի խաղացել, սխալ կլինի։ Այդուամենայնիվ, համարում եմ, որ Մոսկվան չի ուզում փոխել բանակցային գործընթացի ձևաչափը: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից է և այդ ձևաչափը չի ցանկանում փոխել»:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, չնայած հանգամանքին, որ Ռուսաստանը, գոնե այսօր, բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու մտադրություն չունի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, մեկուկես տարվա ընդհատումից հետո, ամենայն հավնականությամբ նորից կկայանա Մոսկվայի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Եվսեևը մի ուշագրավ միտք էլ հայտնեց: Ըստ նրա, չի բացառվում, որ Ղարաբաղում հարաբերական հանգիստ վիճակը պայմանավորված է Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրություններով: «Իմ կարծիքով՝ Մոսկվան տարածաշրջանում իրադրությունը հանդարտ պահելու որոշ երշխիքներ է ստացել Ալիևից»,- ենթադրում է ռուս փորձագետը: